Էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրումը կլինիկական մասով կհետաձգվի` իր տեսաուղերձում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նրա խոսքով՝ նման եզրահանգման եկել են էլեկտրոնային առողջապահության օպերատորի հետ քննարկումների արդյունքում:
«Հունիսի 1-ից մարդիկ պետք է իրենց բոլոր պացիենտների կլինիկական տվյալները մուտքագրեին էլեկտրոնային առողջապահության համակարգ, որ ֆիզիկապես հնարավոր չէր լինելու, իսկ պարտադրանքով նման համակարգ ներդնելը սխալ է»,- ասաց նախարարը: Նա համակարգի թերություններից ընդգծեց նաև օրենսդրական բացը: «Ոչ մի իրավական ակտ, կառավարության որոշում կամ նախարարի հրաման չկար, որով կպարտադրվեր, որ որևէ բուժհաստատություն մուտքագրեր պացիենտի կլինիկական տվյալները էլեկտրոնային առողջապահության համակարգին: Այս ընթացքը մենք օգտագործելու ենք՝ վերանայելու համակարգի ներդրման ժամանակացույցը»,- ասաց նախարարը՝ համակարգը մեր երկրի համար բավական կարևոր համարելով: