Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի համազեկուցողների պատվիրակությանը՝ Ջուզեպպե Գալատիի գլխավորությամբ: Վարչապետը Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից կարևորել է ԵԽԽՎ մոնիտորինգային գործընթացը և ընդգծել Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանում վերջին փոփոխությունները տեղի են ունեցել ժողովրդի կամքով և բացառապես խաղաղ ճանապարհով: «Սա նշանակում է, որ Հայաստանում ժողովրդավարությունն արդեն իրողություն է և գտնվում է բավականին բարձր մակարդակի վրա: Մեր կառավարությունը վճռական է այս իրողությունը դարձնել մշտական: Մեզ համար առաջնահերթ նշանակություն ունեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ինչի համար անհրաժեշտ է ապահովել օրենսդրական և տեխնիկական համապատասխան պայմաններ՝ ընտրություններն ազատ և արդար կազմակերպելու և անցկացնելու նպատակով»,- ասել է վարչապետը:\
Համազեկուցողները շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ հայաստանյան իրադարձությունները նոր թափ կհաղորդեն երկրում ժողովրդավարության զարգացմանն ու ամրապնդմանը: