Ռուս հայտնի պրանկերներ Վովանը (Վլադիմիր Կուզնեցով) և Լեկսուսը (Ալեքսեյ Ստոլյարովը) Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից զանգահարել են Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնին` հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»: «Ջոնսոնը, ամենայն հավանականությամբ, հետաքրքրված էր Փաշինյանի հետ զրույցով: Հայաստանի վարչապետը հիմա հանրաճանաչ է. նրան հատկապես սիրում են եվրոպական երկրներում: Մենք չենք փորձել նմանակել Փաշինյանին և խոսել ենք սովորականի պես»,- ասել է Ալեքսեյ Ստոլյարովը: «Փաշինյանի» հետ զրույցի սկզբում Ջոնսոնը շնորհավորել է նրան խաղաղ ցույցերի միջոցով իշխանափոխության հասնելու համար և հիացմունք հայտնել:
Զրույցից հասկանալի է, որ հեռախոսազանգը տեղի է ունեցել Սոչիում ԵԱՏՄ գագաթնաժողովից առաջ` պրանկերը Փաշինյանի անունից նշում էր, որ երկուշաբթի հանդիպելու է Պուտինի հետ: Ջոնսոնը խորհուրդներ է տվել, թե ինչպես ավելի լավ կլինի շփվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ. «Կարծում եմ՝ միակ բանը, որ ռուսներն ընդունում են, վճռականությունն ու հաստատակամությունն է: Այդ պատճառով դուք պետք է հստակ ներկայացնեք նրան ձեր նպատակները և թե ինչպիսին եք տեսնում Հայաստանի ապագան: Սակայն դուք պետք է ընդգծեք, որ դա սպառնալիք չի ներկայացնում իր շահերի համար, և որ նա պատճառ չունի նյարդայնանալու»: Պրանկերները նշել են, որ հերթական կատակից հետո նա հասկացել է, որ Փաշինյանի հետ չի զրուցում և կախել է լսափողը: