«Մեր բոլորիս հույսն է, որ ղարաբաղյան կարգավորումը կլինի շատ շուտով»` լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Բայց կարգավորումը պետք է արտահայտի մեր շահերը, մեր ձգտումները, մեր նպատակները, և բնական է՝ մենք խոսում ենք կոմպրոմիսի մասին, բայց դրա հիմքում դրված է առաջին հերթին մեր շահերի և նպատակների արտահայտությունը նորից, որի հիմքում դրված է Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքը և Արցախի ժողովրդի անվտանգությունը»։ Հարցին, թե գործնականում հնարավո՞ր է Ստեփանակերտին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնել, նա պատասխանեց. «Ես կսահմանափակվեմ միայն ասելով, որ մեր կարևորագույն նպատակը՝ վերներգրավել բանակցությունների մեջ՝ բացառապես Մինսկի խմբի նախագահության շրջանակներում»։
Մնացականյանը նշեց, որ կարևորագույն խնդիր է բանակցությունների դինամիկան պահպանելը։ «Ներկայիս կարևորագույն խնդիրը պահպանելն է դինամիկան բանակցությունների, մենք պատրաստ ենք ներգրավվել, շուտով արդեն կլսենք, դուք տեղյակ եք, որ մենք մշտական կապի մեջ ենք համանախագահների հետ, նորից առիթներ են լինելու և այս շաբաթ է եղել, այս շաբաթավերջ կլսեք, մյուս շաբաթվա սկիզբ, մենք արդեն հեռախոսազրույց ենք ունեցել ՌԴ ԱԳ նախարարի հետ, էլի լինելու են կապեր, Ֆրանսիայի ԱԳ նախարարն է լինելու Հայաստանում և ԱՄՆ- ում»,- ասաց նախարարը։ Հարցին, թե հնարավո՞ր է համանախագահներն այցելեն տարածաշրջան, և հնարավո՞ր է իր հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ, ՀՀ ԱԳ նախարարը պատասխանեց. «Հնարավորության հարց չէ, սա բանակցությունների էությունն է»։