ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու հիմքերը պարզելու նպատակով ուսումնասիրել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում և ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեում ընդերքօգտագործողների կողմից 2013-2016-ին պետական տուրքի վճարման ընթացքը:
ՈՒսումնասիրությամբ պարզվել է, որ պետական տուրքի վճարման գծով օրենքով սահմանված պարտավորությունը չեն կատարել 417 ընդերքօգտագործողներից 60-ը՝ ընդհանուր շուրջ 300 մլն ՀՀ դրամի չափով: Նշված տնտեսավարող սուբյեկտներից 37-ը ճանաչվել են սնանկ, 3 տնտեսավարող սուբյեկտի սնանկ ճանաչելու վերաբերյալ դիմումների քննությունը գտնվում է ընթացքի մեջ, ևս 3 տնտեսավարող սուբյեկտ լուծարվել են՝ ունենալով պետական տուրքի վճարման գծով չկատարված պարտավորություններ:
Չնայած Ընդերքի մասին օրենսգրքում և ընդերքօգտագործման պայմանագրերում հստակ նշված է, որ ընդերքօգտագործողի կողմից օրենքով և պայմանագրով սահմանված պարտավորությունները չկատարելու դեպքում այդ սուբյեկտին տրվում է զգուշացում, որից հետո 90 օրվա մեջ խախտումը չվերացնելու դեպքում լուծվում է ընդերքօգտագործման պայմանագիրը, ուսումնասիրությամբ պարզվել է, որ ընդերքօգտագործման պայմանագրեր կնքած և պետական տուրքի գծով պարտավորություններ ունեցող տնտեսավարող սուբյեկտներից ոչ մեկը չի զրկվել ընդերքօգտագործման թույլտվությունից: Հայտնաբերված խախտումների վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազությունը գրությամբ դիմել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը՝ դիրքորոշում ներկայացնելու, պարտավորությունը չկատարած տնտեսավարող սուբյեկտների վերաբերյալ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու նպատակով: ՈՒսումնասիրությունները շարունակվում են: