Գազայի հատվածում իշխող ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է Իսրայելի հետ հրադադարի ռեժիմը վերականգնելու պայմանավորվածության մասին՝ 2014-ից Իսրայելի և Գազայի միջև վատագույն բախումներից հետո: Անցած գիշեր պաղեստինցիները հրթիռակոծել են Իսրայելի հարավային շրջանները, իսկ իսրայելցիները կրկին ռմբակոծել են Գազայի հատվածում գրոհայինների օբյեկտները: «Վերջին ժամերին, երբ դիմադրությունը կարողացավ հակադարձել ագրեսիան և թույլ չտալ փոխել խաղի կանոնները, բազմաթիվ միջնորդական ջանքեր են ձեռնարկվել և պայմանավորվածություններ են ձեռք բերվել Գազայի հատվածում հրադադարի վերադառնալու վերաբերյալ»,- ասված է ՀԱՄԱՍ-ի հայտարարությունում:
Իսրայելի հետախուզության հարցերով նախարար Իսրայել Կացը հերքել է հրադադարի պայմանավորվածության լուրը: «Իսրայելը չի ցանկանում, որ իրավիճակը վատանա, բայց բռնությունը սկսողները պետք է դադարեցնեն այն: Իսրայելը ՀԱՄԱՍ-ին կստիպի պատասխան տալ մեզ հասցված հարվածների համար»,- ասել է նա: