Հանրային կյանքում Հայ Առաքելական եկեղեցու աճող դերակատարությունն է հիմնական միտումը, որ նկատել են ԱՄՆ պետքարտուղարության զեկույցի հեղինակները հայաստանյան հոգևոր կյանքում անցած տարի: «Կրոնական ազատությունների վիճակը աշխարհում 2017-ին» ամենամյա զեկույցի Հայաստանին նվիրված հատվածում ամերիկյան դիվանագիտական գերատեսչությունը մի շարք խնդիրներ է մատնանշում: Խոսքը դեռ նախորդ Կառավարության ձեռնարկած մի շարք քայլերի մասին է, որոնք լուրջ մտահոգություններ են առաջացրել հատկապես կրոնական փոքրամասնությունների և իրավապաշտպանների շրջանում:
«Փոքրամասնություն կազմող կրոնական խմբերի շրջանում որոշակի մտահոգություններ կային «Կրոնական ազատությունների» մասին օրենքի նախագծի հետ կապված, որը փորձաքննության նպատակով նոյեմբերին ուղարկվել էր Վենետիկի հանձնաժողով: Այս խմբերի ներկայացուցիչները մտավախություն ունեին, որ օրենքի ընդունման դեպքում իրենց իրավունքները կարող են սահմանափակվել, և այն կարող է բացասաբար ազդել կրոնական փոքրամասնությունների ազատությունների վրա», - նշում են զեկույցի հեղինակները՝ նաև հավելելով․ «Որոշ իրավապաշտպաններ, կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներ և աթեիստներ շարունակում են մտահոգություն հայտնել, որ Կառավարությունը Հայ Առաքելական եկեղեցուն ներառում է հանրային կյանքի տարբեր ոլորտներում, մասնավորաբար՝ հանրակրթության ոլորտում` թույլատրելով դպրոցներում այնպիսի նյութեր տարածել, որոնցում Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ և հայ լինել հասկացությունների միջև հավասարության նշան է դրվում»: Զեկույցի հեղինակները նաև նկատում են, որ լուրջ դժգոհություններ կան «Հայոց եկեղեցու պատմության» դասավանդման ձևի, դասագրքերի բովանդակության հետ կապված, որոնցով դասավանդվում է այս առարկան: «Տեղեկություններ կան, որ որոշ դպրոցներում այս առարկան դասավանդում են Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականները` պահանջելով, որ դասավանդման ընթացքում աշակերտները այցելեն եկեղեցիներ: Երբեմն հայոց լեզվի, գրականության և պատմության ուսուցիչները ևս այցեր են կազմակերպում Հայ Առաքելական եկեղեցու հովանու ներքո գործող հոգևոր հաստատությունները», - նշում են փաստաթղթի հեղինակները:
«Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասագրքերում, ըստ զեկույցի, կան նսեմացնող արտահայտություններ այլ կրոնների, քրիստոնեության այլ ճյուղերի մասին: Հինգերորդ և վեցերորդ դասարանների աշակերտների համար նախատեսված դասագրքերում նման արտահայտություններ կան իսլամի մասին, 8-րդ դասարանի դասագրքում բացասական լույսի ներքո են ներկայացվում կաթոլիկ հոգևորականները, իսկ Ավետարանչական եկեղեցու գործունեությունը 9-րդ դասարանի դասագրքում որպես «հոգեորսություն» է բնութագրվում: Զեկույցում նաև մատնանշվում են այն բողոքները, որոնք ուղղել են Հայաստանում բնակվող եզդիները «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի պարտադիր դասավանդման առնչությամբ` մտավախություն հայտնելով, որ այդկերպ փորձ է արվում եզդի երեխաներին կրոնափոխ անել և ենթարկել քրիստոնեության գաղափարական ներազդեցությանը:
Պետքարտուղարության զեկույցում նաև հիշատակված են Հայաստանի արդեն նախկին կառավարության անդամների կողմից 2017-ին հնչեցված մի շարք վիճելի արտահայտություններ, որոնք ևս կասկածի տակ են դնում աշխարհիկ և հոգևոր իշխանությունների տարանջատման սկզբունքը: Զեկույցի հեղինակները Հայաստանում նաև դրական միտումներ ևս նկատել են այս ոլորտում:
Խոսքը օրենսդրական դաշտի որոշ բարելավումների, եզդիական համայնքի կողմից Ակնալիճ գյուղում կառուցվող սրբավայրի, «Եհովայի վկաների» դեմ պաշտոնապես արձանագրված ճնշման դեպքերի թվի նվազման մասին է․ «Ի տարբերություն 2016-ի` 2017-ին «Եհովայի վկաները» իրենց դեմ ֆիզիկական հարձակման որևէ դեպքի մասին չեն հաղորդել: Բանավոր հարձակումների դեպքերը նախորդ տարվա 17-ից նվազել են` հասնելով 10-ի»: