«Ազատությանը» տված հարցազրույցում պատասխանելով ղարաբաղյան կողմին բանակցությունների սեղան վերադարձնելու հնարավորության հարցին՝ Մնացականյանն ասաց, որ ներկա փուլում իրենք ձևավորում են հիմքեր բանակցային գործընթացը շարունակելու համար:
«Ինձ թվում է, դա որևէ նորություն չի որևէ մեկի համար․ որ Լեռնային Ղարաբաղը ունի այդ որոշիչ ձայնը, որովհետև ի վերջո հակամարտությունը, նույն եռանախագահների ձևակերպմամբ՝ կոչվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտություն: Լեռնային Ղարաբաղը հստակ միավոր է՝ իր տարածքով, իր բնակչությամբ, իր կառույցներով, իր պետական համակարգով, իր ամեն ինչով, միավոր է, որը դժվար թե հնարավոր է արհամարհել: Եվ նրա որոշիչ ձայնը հստակ եղել է ի սկզբանե, այս ամբողջ գործընթացի հիմքում: Իր ստորագրությունը դրված է զինադադարի պայմանագրում: Սա իրողությունն է: Եվ այս ամենը մենք տեղավորում ենք նաև բանակցային գործընթացի մեջ, որովհետև բանակցային գործընթացում մենք եղել և մնում ենք բանակցությունների միջոցով խաղաղ կարգավորման կողմնակից՝ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Առավել ևս ես կուզեմ շեշտադրել մեկ այլ հանգամանք՝ այս ամենի համար էական, կենսական նշանակություն ունի խաղաղությանը նպաստող մթնոլորտը: Եվ շատ մտահոգիչ են այն բազմաթիվ, տարբեր ձևակերպումները, հայտարարությունները, կոչերը, որոնք ասում են ամբողջովին հակառակը»:
Անդրադառնալով որոշումների կայացման հարցում հայկական կողմի ինքնուրույնությանը` ԱԳ նախարարը վստահեցրեց՝ արտաքին քաղաքականության հիմքում Հայաստանի ազգային շահն է․ «Մենք հարաբերություններ մեկի հետ մյուսի հաշվին կամ հակառակը երբեք չենք կառուցել և մտադիր չենք կառուցելու: Ռուսաստանի հետ մենք ունենք շատ խոր հարաբերություններ, շատ կարևոր հարաբերություններ, որոնք շարունակվելու են: Ռազմավարական համագործակցությունը, ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի հետ ունեն շատ ամուր հիմքեր, շատ տրամաբանական և բացատրելի: Եվ մենք խնդիր չունենք դա հստակ բացատրելու մեր մյուս գործընկերներին: ԵՄ-ի հետ համաձայնագիրը չի ստորագրվել և չի իրականացվում հակառակ մյուս ուղղությունների, այլ համալրում է այն ամենը, ինչ մենք անում ենք մեր շահերի համար: Եվ եթե մենք պետք է էլ ավելի բացատրենք, ուրեմն մենք պետք է դա անենք»: ԱԳ նախարարը ևս կարծում է, որ արտաքին հարաբերություններում կտրուկ փոփոխությունները վտանգավոր են, իսկ ներհայաստանյան փոփոխությունները արտաքին որևէ ուժի դեմ չեն․ «Մեր ներքաղաքական զարգացումները կային այն, ինչ որ կային: Դա հայկական գործընթաց էր, ամբողջովին Հայաստանի, հայ ժողովրդի, հայկական իրողության մեջ տեղավորվող: Այդպես եղել է, և մեր արտաքին քաղաքականությունը նույնպես լինելու է նույնը»:
Հարցին, թե արտաքին քաղաքականության համար կարևոր է, երբ իշխանությունները վայելում են ժողովրդի լայն աջակցությունը ի պատասխան Մնացականյանը վստահեցրեց՝ արտաքին քաղաքականության հիմքերն առավել կայուն են, երբ կա անվտանգությունն ուժեղացնող կայուն հանրություն․ «Ես տեսնում եմ արտաքին քաղաքականությունը առաջին հերթին որպես գործիք ներքին նպատակների իրականացման համար, անվտանգության և զարգացման համակարգերը առաջ տանելու համար: Եվ այդ գործիքը լավագույնս օգտագործելու համար երկրի ներքին հիմքերը ինչքան ավելի ամուր են, այնքան ավելի հստակ է այդ գործիքի իրականացման արդյունավետությունը»: