Ծավալված զարգացումները ցույց են տալիս, որ Արցախի ժողովուրդը ցուցաբերում է քաղաքական և քաղաքացիական բարձր գիտակցություն` ասել են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից՝ ի պատասխան 168.am-ի հարցի` ինչպե՞ս է գնահատում ՀՀ նախագահը Ստեփանակերտում ծայր առած բողոքի գործողությունները:
Նա ողջունում է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների և Հայաստանի վարչապետի հորդորի հիման վրա Ստեփանակերտում բողոքի գործողությունների դադարեցումը: Նախագահ Սարգսյանն ամենօրյա կապի մեջ է Արցախի նախագահի հետ, ստեղծված իրավիճակի շուրջ խորհրդակցում է նաև Արցախի նախկին ղեկավարության և հեղինակավոր մարդկանց հետ: Նախագահը գոհունակություն է հայտնում, որ Արցախի իշխանություններն արագ արձագանքեցին ցավալի միջադեպին, այն դատապարտվեց, որակվեց անթույլատրելի և ստացավ իրավական գնահատական: Արցախի Ազգային ժողովում ստեղծվեց քննիչ հանձնաժողով ստեղծված վիճակի մասին համապարփակ քննարկումների հարցերով: Միջադեպի շուրջ ծավալված զարգացումները ցույց են տալիս, որ Արցախի ժողովուրդը ցուցաբերում է քաղաքական և քաղաքացիական բարձր գիտակցություն:
Նախագահը կիսում է գնահատականը, որ Արցախի համար բացառիկ արժեքներ են ներքին կայունությունը, պետական հիմքերի անսասանությունը, երկրի անվտանգության և պաշտպանողունակության հետևողական բարձրացումը, որին հնարավոր է հասնել Արցախի բնակիչների աշխատանքի և կյանքի խաղաղ պայմանների ապահովման և կենսապայմանների բարելավման նպատակով սոցիալ-տնտեսական հարցերի լուծման միջոցով: