ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մայր Աթոռի միաբանական ժողովը արձագանքել է համացանցում հայտնված բողոքի կոչերին

Մայր Աթոռի միաբանական ժողովը արձագանքել է համացանցում հայտնված բողոքի կոչերին
06.06.2018 | 23:53

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում միաբանական ժողովի մասնակիցները հանդես են եկել հայտարարությամբ՝ շեշտելով, որ «մեր եկեղեցու ներքին կյանքի խնդիրները լուծում են ստանում ըստ դարերով նվիրագործված ընթացակարգի՝ եկեղեցական կանոնական մարմինների միջոցով», և «խնդիրների լուծման կանոնական այլ ճանապարհներ և հարթակներ չկան:

«Վերջին օրերին համացանցում հայտնվել են նախաձեռնություններ և բողոքի կոչեր, որոնք հասցեագրված են Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությանը: Ցավում ենք, որ դրանց միացել են նաև հավատավոր զավակներ, ովքեր անկեղծորեն մտահոգված են մեր Եկեղեցու առաքելությամբ»,- ասված է հայտարարությունում, որ հրապարակել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը: «Անուրանալի են անկախությունից ի վեր հայոց հայրապետների և ուխտապահ հոգևորականների ջանքերով կատարված աշխատանքները և արձանագրված ձեռքբերումները հովվական, քարոզչական, կրթական, սոցիալական, բարեսիրական և մեր ազգային կյանքի այլ ոլորտներում: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր ամենօրյա գործունեությամբ մշտապես հետամուտ է հոգևոր կյանքի բարենորոգմանն ու զարգացմանը` շարունակ ջանալով լուծել եկեղեցական կյանքում ի հայտ եկող խնդիրներն ու մարտահրավերները»,- նշում են միաբանական ժողովի մասնակիցները: «Ցավալի է, որ բողոքի հիշյալ գործընթացին խթանում են որոշ անհատներ, ովքեր իրենց անձնական շահերից ելնելով փորձում են ստվերել ամենքիս համար գնահատելի և կենսական նշանակություն ունեցող այս ավանդը` խաթարելով սուրբ Եկեղեցու աղոթական կյանքը և գայթակղություն դառնալով բարեմիտ հավատացյալների համար: Առավել ևս ցավում ենք, որ հանդես են գալիս նաև անձեր, ովքեր ժամանակին հնարավորություն ունեին իրենց ծառայության մեջ բարձրաձայնելու ու նպաստելու խնդիրների լուծմանը»,- ասված է հայտարարությունում: Միաբանական ժողովը հորդորում է «հավատացյալներին և հոգևոր եղբայրներին, որ նրանք երևան եկած խնդիրները համապատասխան կարգով բարձրաձայնեն իրենց հովիվների և առաջնորդների առջև, իսկ երբ չգտնվեն լուծումներ, պատշաճ կերպով ներկայացվեն եկեղեցական բարձրագույն ատյաններին»:

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանական ժողովը համոզված է, որ Հայաստանյայց Սուրբ Եկեղեցուն հուզող ամեն մի խնդրի առնչությամբ կկայացվի համապատասխան որոշում՝ գոհացում տալով հավատացյալների սպասումներին և կարիքներին: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ողջ միաբանությունը հավատարիմ է սրբազան իր ուխտին և մեր Տեր Հիսուս Քրիստոսի կողմից ավանդված իր առաքելությանը` ի խնդիր հայ ժողովրդի բարօրության և հայրենի մեր երկրի զորացման»,- ասված է հայտարարությունում:

Դիտվել է՝ 966

Մեկնաբանություններ