Թուրքիայում հունիսի 24-ի արտահերթ ընտրությունները մոտենում են եզրագծին․ վաղվանից թուրքական դեսպանատներում կբացվեն առաջին ընտրատեղամասերը՝ հնարավորություն տալով, որ արտերկրում ապրող երեք միլիոն թուրքերը վաղաժամ մասնակցեն քվեարկությանը: Սոցիոլոգիական հարցումները փաստում են, որ նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին ամենայն հավանականությամբ չի հաջողվի առաջին փուլում հաղթահարել 50 տոկոսի շեմը: SONAR ընկերության տվյալներով, Էրդողանի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 48 տոկոսը: Նրա հիմնական մրցակցի՝ Ժողովրդահանրապետական կուսակցության թեկնածու Մուհարեմ Ինջեի օգտին՝ ավելի քան 30: Ընդդիմադիր թեկնածուի վարկանիշը վերջին շաբաթվա ընթացքում աճել է 10 տոկոսով՝ ստիպելով 64-ամյա Էրդողանին էլ ավելի ակտիվացնել քարոզչական արշավը: Սակարիայի նահանգում նա անգամ սառնարանների մասսայական օգտագործումն է վկայաբերել՝ իր տևական իշխանավարման հաջողությունները հիմնավորելու համար: «2002-ին, երբ իմ կուսակցությունը եկավ իշխանության, Թուրքիայում մեկ միլիոն սառնարան էր վաճառվել, հիմա՝ ավելի քան երեք միլիոն: Սա նշանակում է, որ Թուրքիայում այլևս աղքատ մարդիկ չկան: Եթե ամեն մի տանը մի սառնարան կա, ուրեմն, մենք հասել ենք բարգավաճման հստակ աստիճանի»,- ասել է Էրդողանը:
Ընդդիմության հեգնական արձագանքը չի ուշացել: «Կարելի է կարծել, թե մենք Էրդողանից առաջ սնունդը ծառերի փչակներում էինք պահում»,- հայտարարել է ընդդիմադիր Մուհարեմ Ինջեն՝ հավելելով. «Թուրքիայի քաղաքացիները սառնարաններ ունեցել են տասնամյակներ առաջ դեռ, ուղղակի Էրդողանի իշխանությունը դատարկել է դրանք»:
Էրդողանի մյուս ընդդիմախոսը, որն ըստ սոցիոլոգիական հարցումների, կարող է ստանալ ձայների 10 տոկոսից ավելին, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» թեկնածու Սելահաթին Դեմիրթաշն է, որ ստիպված է ընտրարշավն անցկացնել ճաղերի հետևում: Նախագահության թեկնածուն երկու տարի է՝ ազատազրկված է Քրդական աշխատավորական կուսակցությանն աջակցելու, ահաբեկչություն քարոզելու մեղադրանքներով, որոնց ապացուցման դեպքում թուրքական դատարանը կարող է նրան 140 տարվա ազատազրկման դատապարտել: Չնայած ծանրագույն մեղադրանքներին՝ ընդդիմադիր գործիչը չի ընկրկում, և փորձում է գործի դնել ամեն մի հնարք՝ ընտրողների հետ գոնե հեռակա շփվելու համար: Այսօր, օրինակ, կնոջ հետ հեռախոսազրույցն էր վերածել նախընտրական ՙհանրահավաքի՚: «Էրդողանը կապել է ձեռքերս ու իրեն ենթակա լրատվամիջոցներով իմ դեմ կեղտոտ քարոզարշավ սկսել, բայց մենք, միևնույն է՝ կհաղթենք»,- բանտից հեռախոսով դիմելով իր տանը հավաքված աջակիցներին՝ հայտարարում էր ընդդիմադիր գործիչը: «Այսօր Թուրքիայի բոլոր քաղաքացիներն են դարձել անարդարության զոհ, Էրդողանի բռնապետական վարչակազմը կիսաբաց կալանավայրի է վերածել ողջ երկիրը: Նրանք փորձում են վախի մթնոլորտ տարածել և դրա հիման վրա իշխել, բայց դուք մի ընկրկեք: Դեմիրթաշը ազատազրկված չէ, Դեմիրթաշը դուք եք, ձեզնից յուրաքանչյուրը, վստահեք ձեր ուժերին ու շարունակեք պայքարը»: Նախագահության ազատազրկված թեկնածուի՝ Թվիթերում տեղադրված ուղերձը հարյուր հազարավոր մարդիկ են դիտել, աջակիցներն էլ հայտարարել են, որ շաբաթավերջին նա նաև հեռակա ասուլիս է անցկացնելու՝ սոցիալական ցանցերի միջոցով պատասխանելով ընտրողների հարցերին:
Ընդդիմության թիրախում հայտնված Ռեջեփ Էրդողանը ներքաղաքական մարտահրավերները փորձում է չեզոքացնել արտաքին քաղաքականության ու ռազմական հաղթանակների միջոցով: Շաբաթասկզբին նա հայտարարել է, թե Թուրքիան պատրաստվում է ռազմական հարձակում իրականացնել Իրաքի Քդնիլ շրջանի դեմ, որտեղ տեղակայված է Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող Քրդական աշխատավորական կուսակցության կենտրոնակայանը: Այդ հայտարարությունից ժամեր անց՝ թուրքական բանակը հայտարարեց, թե օդային հարվածներ է հասցրել Իրաքի քրդերի դեմ, սպանել վեց ահաբեկիչների ու վերացրել 16 թիրախ: «Առաջին անգամ չէ, որ ընտրություններում վտանգ զգալու դեպքում Էրդողանը հարձակման է անցնում երկրի սահմաններից դուրս, որպես կանոն՝ ռազմական»,- վերլուծելով Թուրքիայում ստեղծված ներքաղաքական վիճակը՝ բրիտանական «Թայմսի» հետ զրույցում փաստել է American Progress վերլուծական կենտրոնի փորձագետ Մաքս Հոֆմանը: