Այսօր Կանադայում սկսվել է Մեծ յոթնյակի գագաթնաժողովը: Աշխարհի ամենազարգացած 7 երկրների ակումբում վերջին շրջանում լուրջ տարաձայնություններ կան, որ անգամ «առևտրային պատերազմ» բնորոշումն են ստացել: Տարաձայնությունների հիմնական պատճառը ԱՄՆ նախագահի որոշումն է՝ բարձրացնել Եվրոպայից, Կանադայից և մի քանի այլ երկրներից ներմուծվող ալյումինի ու պողպատի մաքսազերծման դրույքաչափերը: Երկօրյա գագաթնաժողովի ընթացքում նախատեսված են Թրամփի առանձին հանդիպումները Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ:
Թրամփը չի սպասելու գագաթնաժողովի ավարտին: Շրջակա միջավայրի պահպանմանն ու գլոբալ ջերմացման խնդիրներին նվիրված նիստին Թրամփի փոխարեն մասնակցելու է նրա օգնականներից մեկը: Ֆրանսիայի նախագահն ԱՄՆ-ի իր գործընկերոջը հորդորել է «ընկերների միջև տնտեսական պատերազմ չսկսել», քանի որ դրա հետևանքով նա կարող է «միայնակ մնալ»: «Թվիթերի» իր միկրոբլոգում Մակրոնը գրել է՝ ԱՄՆ-ի նախագահը գուցե մեկուսանալուն դեմ չէ, բայց իրենք ևս դեմ չեն ակումբի մյուս 6 երկրներով, առանց ԱՄՆ-ի, ստորագրել գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագիրը: «G 7-ի 6 երկրները միասին ավելի մեծ շուկա ունեն, քան ամերիկյան շուկան է: Սա չպետք է մոռանալ»,- նշել է Ֆրանսիայի նախագահը:
Թրամփը պատասխանել է, որ G 7 է մեկնում՝ պայքարելու Ամերիկայի համար, որն առևտրին վերաբերող երբևէ եղած վատագույն գործարքն ունի: «Տեղեկացրեք վարչապետ Թրյուդոյին ու նախագահ Մակրոնին, որ նրանք ահռելի դրույքաչափերով են մաքսազերծում ամերիկյան ապրանքներն ու խոչընդոտներ են ստեղծում ԱՄՆ-ից արտահանումների համար: ԱՄՆ-ի հետ ԵՄ առևտրի բալանսի տարբերությունը 151 միլիարդ դոլար է կազմում, իսկ Կանադան ամերիկացի ֆերմերներին չի թողնում իր շուկա: Ամեն դեպքում ես անհամբերությամբ եմ սպասում երկու ղեկավարների հետ հանդիպմանը»,- գրել է Դոնալդ Թրամփը, մեկ այլ գրառմամբ էլ ընդգծելով՝ Կանադան 300 տոկոսով հարկում է ամերիկյան կաթնամթերքը, «հարվածելով մեր ֆերմերներին ու սպանելով մեր գյուղատնտեսությունը»: Կանադայից Դոնալդ Թրամփը մեկնելու է Սինգապուր, որտեղ հունիսի 12-ին հանդիպելու է Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինի հետ՝ քննարկելու Կորեական թերակզու ապամիջուկայնացման խնդիրը: Սա պատմական հանդիպում է համարվում:
Ասիական առաջնորդները ևս հանդիպում են: Աշխարհի մյուս ծայրում էլ հանդիպում են Ասիայի խոշորագույն երկրների ղեկավարները: Չինաստանի արևելքում՝ Կորեական թերակղզու մոտ գտնվող Ցինդաո նավահանգստային քաղաքում հունիսի 9-10-ը անցկացվելու է Շանհայի համագործակցության կազմակերպության երկրների գագաթնաժողովը: Այդ կազմակերպությանն անդամակցում են Չինաստանը, Ռուսաստանը, Հնդկաստանը, Պակիստանը, Կենտրոնական Ասիայի 4 հետխորհրդային երկրներ: Իրանը ևս ցանկանում է անդամակցել ՇՀԿ-ին:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն Չինաստանում է, նա վաղ է մեկնել Պեկին՝ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ բանակցելու նպատակով: Մինչև երկկողմ բանակցությունների մեկնարկը, Սի Ցզինպինն ասել է, թե անկախ միջազգային իրադրությունում առկա տատանումներից, Չինաստանը և Ռուսաստանը միշտ ամուր են պահել ու զարգացրել են իրենց հարաբերությունները, «որպես առաջնահերթություն»: Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե արդյունավետ հանդիպում է ունեցել Չինաստանի ղեկավարի հետ: Երկկողմ հարաբերությունները որակել է որպես «ռազմավարական համապարփակ գործընկերային»:
Չինաստանի իշխանությունները հունիսի 8-ին սպասում են Իրանի նախագահ Հասան Ռոհանիին: Ակնկալվում է, որ Ռուսաստանի, Չինաստանի ու Իրանի նախագահները կքննարկեն Իրանի և 6 գերտերությունների միջև 2015-ին ստորագրված միջուկային համաձայնագրի շուրջ ստեղծված վիճակը: Չինաստանը Իրանի խոշորագույն առևտրային գործընկերն է, իրանական նավթի հիմնական սպառողներից մեկը: Պեկինը ծրագրում է ընդլայնել առևտրային համագործակցությունը Թեհրանի հետ, չնայած ամերիկյան պատժամիջոցների վտանգին: