Շիրակի մարզի դատախազությունում ամփոփվել են 2018-ի առաջին հինգ ամիսներին կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի արդյունքները:
Մարզի վարչական տարածքում կոռուպցիոն հանցագործությունների փաստերով հարուցվել է թվով 31 քրեական գործ, որը 2017 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից ավելի է 19-ով կամ գրեթե 160 տոկոսով: Քրեական գործերից 23-ը հարուցվել է մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազների կողմից, 1 քրեական գործ ստացվել է քրեական հետապնդում իրականացնող այլ մարմնից, 1 գործ անջատվել է այլ քրեական գործից: Նշված քրեական գործերով 7 անձի նկատմամբ (համայնքի 3 ղեկավար, ՊՈԱԿ-ի 1 տնօրեն, դպրոցի 1 տնօրեն, դպրոցի 1 փոխտնօրեն և այլն), հարուցվել է քրեական հետապնդում, և նրանց բոլորին առաջադրվել են մեղադրանքներ:
Հարուցված քրեական գործերով ձերբակալվել են երկու պաշտոնատար անձինք (համայնքի ղեկավարներ), ում նկատմամբ հետագայում, պատճառված գույքային վնասն ամբողջությամբ վերականգնելուց հետո, վարույթն իրականացնող քննիչները արգելանքից ազատելու մասին որոշումներ են կայացրել: Կոռուպցիոն հանցագործությունները, որոնցով հարուցվել են քրեական գործերը, արձանագրվել են կրթության, գյուղատնտեսության, տեղական ինքնակառավարման, բանկային համակարգի գործունեության, տրանսպորտային, սոցիալական ապահովության ոլորտներում: Վերոգրյալից բացի, պետության գույքային շահերի պաշտպանության նկատառումներով Շիրակի մարզի դատախազության դատախազների կողմից տարբեր բնագավառներում կատարվել են 10-ից ավելի ուսումնասիրություններ: Պաշտոնատար անձանց տրվել են նախազգուշացումներ` ՀՀ պետական բյուջե վերականգնելով իրավախախտումների հետևանքով պետությանը պատճառված վնասները: 2018-ի առաջին հինգ ամիսներին կոռուպցիոն հանցագործություններով և պետական շահերի պաշտպանության ոլորտում կատարվող ուսումնասիրություններով ՀՀ պետական բյուջե է վերականգնվել 22.779.904 դրամ: Շիրակի մարզի դատախազության կողմից քաղաքացիների և կազմակերպությունների կողմից պետության պատճառված գույքային վնասը վերականգնելու համար դատարաններ են ներկայացվել 3 հայցադիմում` ընդհանուր 12.191.740 ՀՀ դրամ բռնագանձնելու պահանջով: Դրանցով քննությունն ընթացքի մեջ է: