Այսօր Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու և Կոտայքի մարզերի 18 համայնքներում անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ. համայնքներից 8-ում կայանալու են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի, և 4 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:
Նշենք, որ համայնքի ղեկավարի ընտրությունների քվեարկությանը մասնակցող 27 թեկնածուներից 22-ը առաջադրվել են ինքնաառաջադրմամբ, 4-ը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից, և մեկ թեկնածու առաջադրել է Հայաստանի հանրապետական կուսակցությունը:
«Ավագանու անդամի գրանցված 89 թեկնածուներից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել 10 թեկնածու: Ավագանու անդամի ընտրությունների քվեարկությանը մասնակցող 79 թեկնածուներից 76-ը առաջադրվել են ինքնաառաջադրմամբ, 2-ը՝ Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից, և մեկ թեկնածու առաջադրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը»,- տեղեկանում ենք ԿԸՀ լրատվական ծառայությունից:
Նկատենք, որ ժամը 14:00-ի դրությամբ ընտրողների մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղում՝ 61,07 տոկոսով, իսկ ժամը 11-ի դրությամբ առաջին տեղում գտնվող Դպրեվանքում արձանագրվել է 46, 55 տոկոս ցուցանիշը:
Իսկ ամենացածր ցուցանիշը գրանցվել է Նոր Արտամետ համայնքում, որտեղ նույն ժամի դրությամբ 8,48- տոկոսանոց մասնակցություն է եղել: