Հունիսի 14-ին ՊՆ վարչական համալիրում կայացել է զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, ղեկավարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը ներկայացրել է ամփոփ հաշվետվություն մարտից իրականացված հատուցումների և նվիրաբերությունների վերաբերյալ՝ ընդգծելով, որ կատարվել է 11 դեպքերի հատուցում, որոնցից 9-ը զոհված, իսկ 2-ը՝ հաշմանդամություն ունեցող զինծառայողների ընտանիքներին:
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի գործադիր տնօրենը նշել է, որ այս պահի դրությամբ հավաքագրված գումարն արդեն հատել է 9 մլրդ-ը, իսկ ընդհանուր հատուցումները՝ 523 մլն դրամը: Ծրագիրը հաջողությամբ շարունակում է գործել՝ հանրության առջև հաշվետու լինելու և բացառիկ թափանցիկության սկզբունքով: Վարուժան Ավետիքյանը ներկայացրել է հիմնադրամին նվիրաբերությունների նոր եղանակները, որոնք ստացել են «Ի հիշատակ» և «Ի պատիվ» պայմանական անվանումները: Նվիրաբերությունների կարգը և մանրամասները ներկայացված են հիմնադրամի www.1000plus.am կայքում:
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հաստատել է նաև նոր ծրագիր` եթե զինծառայողը հայրենիքի պաշտպանության ժամանակ ստացել է հաշմանդամություն, նախքան իրավական ընթացակարգով հաշմանդամության կարգը որոշելը և հատուցում տրամադրելը, հաշմանդամություն ձեռքբերած զինծառայողը ամեն ամիս կստանա 100 000 դրամ: Հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվել են նաև 2018-ի աշխատանքների ժամանակացույցը, անդրադարձ է կատարվել «Հիմնադրամի դեսպաններ» նախագծի ընթացքին, ըստ որի՝ առաջարկվում է արտերկրի մեծաթիվ հայ համայնք ունեցող քաղաքներում ունենալ Հիմնադրամի աշխատանքներին ակտիվորեն ներգրավված անձինք, ովքեր կաշխատեն սփյուռքի կառույցների հետ՝ առավել մանրամասն ներկայացնելով հիմնադրամի գործունեությունը։