ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ընտրություններին Էրդողանը գնում է թուլացած դիրքերով

Ընտրություններին Էրդողանը գնում է թուլացած դիրքերով
19.06.2018 | 17:43

Ամիսներ առաջ, երբ Թուրքիայի նախագահը որոշեց արտահերթ համապետական ընտրություններ կազմակերպել, փորձագետներից շատերը պնդեցին՝ հաղթանակը կանխորոշված է, հաշվի առնելով, որ քվեարկությունն անցնելու է արտակարգ դրության պայմաններում, հիմնական ընդդիմադիր ուժերի առաջնորդներն էլ կամ ազատազրկված են, կամ, 2016-ի հեղաշրջման փորձից հետո, ճնշված: Կիրակի կայանալիք քվեարկության նախօրեին հարցումները փաստում են` Էրդողանը, որ 16 տարի անընդմեջ հաղթում էր բոլոր ընտրություններում, այս անգամ կարող է ցանկալի արդյունքի չհասնել, առնվազն՝ առաջին փուլում: Թուրքերը հիասթափված են հատկապես տնտեսության վիճակից. միայն այս տարի թուրքական լիրան 20 տոկոսով արժեզրկվել է, գները բարձրացել են, պարտքը՝ ավելացել: Արդեն երկու տարի է, հեղաշրջման փորձից ի վեր, Էրդողանի վարչակազմը չի թուլացնում քաղաքական ճնշումները, կորցնելով վստահությունը հատկապես քրդերի ու երիտասարդների շրջանում: Վճռորոշ քվեարկությունից օրեր առաջ, նախընտրական ելույթներից մեկում, Էրդողանը պնդել էր՝ պատրաստ է հեռանալ, եթե ժողովուրդն իրեն ասի՝ բավական է («թամամ»):

ժամեր անց սոցիալական ցանցերը հեղեղվել էին այդ բառով, «թամամի» արշավին միայն «Թվիթերում» 2 միլիոն օգտատեր է միացել: Դիրքերն ամրապնդելու համար 64-ամյա Էրդողանն օր օրի ակտիվացնում է քարոզարշավը: Երեկ Ստամբուլում նա հանրահավաք անցկացրեց՝ աջակիցներին կոչ անելով մի լավ դաս տալ չարակամներին:
«Արևմուտքը ուշի ուշով սպասում է հունիսի 24-ին, գիտե՞ք ինչու: Նրանք սպասում են, որ Էրդողանը տապալվի, պարտվի, բայց դուք պատրաստ եք, չէ՞, մի լավ օսմանյան ապտակ հասցնել նրանց: Մենք պետք է շատ ջանք թափենք սրա համար, հանգստանալ ու մի կողմ քաշվել չկա, գնում ենք առաջ»,- ասել է Էրդողանը:


Պայքարը թուլացնելու միտք չունեն նաև ընդդիմադիր ուժերը, սա Էրդողանի միանձնյա իշխանությունը թուլացնելու թերևս վերջին հնարավորությունն է: Սահմանադրական վերջին փոփոխություններով ընտրություններից հետո Թուրքիան անցում է կատարելու կառավարման նախագահական համակարգի՝ նախագահի ընդարձակ լիազորություններով: Փոփոխությունները Էրդողանին հնարավորություն են տալիս կրկին առաջադրվել ու իշխանության ղեկին մնալ մինչև 2029-ը: «Այս մարդը պետք է վաղուց թոշակի գնա, նա ուղղակի ի վիճակի չէ լուծել երկրի խնդիրները»,- պնդում է Էրդողանի հիմնական մրցակիցը համարվող Մուհարեմ Ինջեն: Ժողովրդահանրապետական կուսակցության թեկնածուն, որ քննադատում է Էրդողանին 15 տարի, վերջին շաբաթներին ոչ մի օր չդադարեցրեց քարոզարշավը: Նա կիլոմետրերով քայլում էր, գյուղացիների հետ խոտ հնձում, շարքային ընտրողների հետ ճաշում: Նրա կարգախոսը մեկն է՝ Թուրքիային նոր մարդիկ են պետք, թարմ արյուն: «Էրդողանը սպիտակ օձիքավոր թուրքերի շահերն է ներկայացնում, ես՝ շարքային մարդկանց, Էրդողանն ապարանքից է, ես՝ աղքատների կողմից, նա ստատուս քվոյի կողմնակից է, ես՝ բարեփոխումների»,- ասում էր Թուրքիայի նախագահի թեկնածու Մուհարեմ Ինջեն: Էրդողանի մյուս ընդդիմախոսը, որն ըստ հարցումների, կարող է ստանալ ձայների 10 տոկոսից ավելին, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» թեկնածու Սելահաթին Դեմիրթաշն է: Նա երեկ բանտից իր առաջին հեռուստաուղերձը հրապարակեց:

Նախագահի այս թեկնածուն 2 տարի է` ազատազրկված է՝ Քրդական աշխատավորական կուսակցությանն աջակցելու, ահաբեկչություն քարոզելու մեղադրանքներով: Այդ մեղադրանքներով նրան սպառնում է 140 տարվա ազատազրկում: «Էրդողանի վարչակազմը վախենում է ինձնից, և միայն այդ պատճառով որոշել են ինձ բանտ նստեցնել: Սակայն վստահ եմ, որ դուք ազատության կողմնակից եք, և ձեր օգնությամբ մենք կկարողանանք երկիրը հանել այս անդունդից: Իմ պայքարը հստակ է՝ հանուն ժողովրդավարության և ընդդեմ մենիշխանության ու բռնապետության»,- իր ուղերձում նշել է Սելահաթին Դեմիրթաշը:
Առաջիկա կիրակի նախագահականից բացի Թուրքիայում կանցկացվեն խորհրդարանական արտահերթ ընտրություններ: Ըստ հարցումների, չի բացառվում, որ այստեղ էլ Էրդողանի դիրքերը թուլանան, և նրա առաջնորդած «Արդարություն և զարգացում» կուսակցությանը չհաջողվի ձայների մեծամասնություն ստանալ 16 տարի իշխանական դիրքերում մնալուց հետո:

Դիտվել է՝ 984

Մեկնաբանություններ