Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը կոչ է արել ժողովրդին «դաս տալ» Արևմուտքին՝ հունիսի 24-ի նախագահական ու խորհրդարանական արտահերթ ընտրություններում աջակցելով իշխանություններին։ «Արևմուտքն անհամբեր սպասում է հունիսի 24-ի ընտրությանը։ Ի՞նչ են ուզում նրանք տեսնել։ Էրդողանի պարտությունը։ Դուք պատրա՞ստ եք նրանց դաս տալ։ Ես հավատում եմ, որ դուք դաս կտաք նրանց»,- ասել է Էրդողանը, գրում է «Հյուրիյեթը»։
Թուրքիայում ընտրություններից առաջ դաշինք է կազմվել երկրի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող Ժողովրդահանրապետական, Մերալ Աքշեների «Լավ» կուսակցության, Դեմոկրատական ու «Երջանկություն» կուսակցությունների միջև։ Ընտրությունների առաջին փուլում ընդդիմադիր կուսակցություններից յուրաքանչյուրն առաջադրելու է իր թեկնածուին, իսկ երկրորդ փուլում բոլորը պետք է աջակցեն նրանցից ամենաշատ ձայներ ստացած թեկնածուին: