Չինաստանի առևտրի և ծառայությունների միջազգային ցուցահանդեսի ընթացքում Հայաստանի առևտրային կցորդ Հրանտ Աբաջյանը մեր երկրի տնտեսական ներուժը ներկայացնող «Հայաստան՝ դարպաս դեպի խոշոր շուկաներ» շնորհանդես է կազմակերպել: Հայաստանի ներդրումային գրավչություններին անդրադարձել են չինական լրատվամիջոցները` Xinhua News գործակալությունը, China Daily-ն և Тa Kung Pao-ը: Նրանք նշում են, որ ներդրումների նոր ուղղություններ փնտրող չինացի գործարարների համար Հայաստանը լավ ընտրություն է: Նշվում է նաև, որ, ունենալով փոքր ներքին շուկա, Հայաստանը գործարարների համար դուռ է բացում դեպի ԵԱՏՄ լայն շուկա՝ միաժամանակ օգտվելով նաև GSP և GSP+ ռեժիմներով պայմանավորված արտոնյալ հնարավորություններից: Հարցազրույցներում և հոդվածներում անդրադարձ է կատարվում Հայաստանից իրանական 80- միլիոնանոց շուկա արտահանման հնարավորություններին, չինացի ներդրողների համար «Մեղրի» ազատ տնտեսական գոտում գործունեություն ծավալելու հեռանկարին:
«Արմենպրես»-ը զրուցել է Հրանտ Աբաջյանի հետ:
-Ի՞նչ են տալիս նման միջոցառումներն ու դրանց արձագանքները մամուլում Հայաստանի ճանաչելիության բարձրացման տեսանկյունից:
-Չինաստանի պետական և մասնավոր հաստատությունները պարբերաբար ձեռնամուխ են լինում նման միջազգային ցուցահանդեսների, համաժողովների, շնորհադեսների կազմակերպմանը՝ դիտարկելով երկկողմ և բազմակողմ տնտեսական հարաբերությունների և գործարար կապերի բարելավման արդյունավետ հարթակ: Հայաստանն ակտիվորեն ներգրավված է այդ ձևաչափերում, որտեղ մենք ներկայացնում ենք թե տնտեսական ներուժը, թե Հայաստանի աճող տնտեսական ցուցանիշները, թե ներդրումային ծրագրերը: Այսպիսի միջոցառումների ընթացքում սովորաբար անդրադառնում ենք նաև զբոսաշրջության ոլորտին՝ ներկայացնելով մեր երկրի զբոսաշրջային գրավչությունները, չինացի զբոսաշրջիկների համար մուտքի արտոնյալ պայմանները և նրանց հետաքրքրող զբոսաշրջային ենթաուղղությունները:
Տպագրված հոդվածները լավ հնարավորություն են բարձրացնելու Հայաստանի ճանաչելիությունը չինական շուկայում՝ ներկայացնելով Հայաստանը որպես գրավիչ ներդրումային միջավայր, քանի որ այդ լրատվամիջոցներն ունեն ահռելի լսարան: Չինական գործարար շրջանակներում և Չինաստանում ընդհանրապես մեր հիմնական խնդիրներից է Հայաստանի ճանաչելիության բարձրացումը: Չինաստանն ունի ներդրումների մեծ ներուժ և համապատասխան ռեսուրսներ, Չինաստանը օր օրի տնտեսապես ավելի բաց և հասանելի է դառնում արտաքին շուկաների համար: «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում լայն հնարավորություններ են բացվում հայ-չինական երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման համար: Չինական կազմակերպությունները և անհատ գործարարները պատրաստակամ են օտարերկրյա ներդրումներ կատարել հատկապես արդեն նշածս ծրագրում ընդգրկված երկրներում: Այդ պատճառով, հրապարակումները վստահաբար կնպաստեն չինական բիզնես շրջանակներում Հայաստանի մասին իրազեկվածության բարձրացմանը և երկրի տնտեսական հնարավորությունների պատշաճ ներկայացմանը:
-Ո՞ր ոլորտներն են չինացի գործարարների հետաքրքրության առանցքում:
-Չինացի գործարարները սովորաբար առավելապես հետաքրքրված են վերականգնվող էներգետիկայի, ենթակառուցվածքների, հանքարդյունաբերության, մշակող արդյունաբերության ոլորտների հեռանկարային ներդրումային ծրագրերով: Տարբեր ձևաչափերում նրանց հետ հանդիպումներից և քննարկումներից կարող եմ եզրակացնել, որ հատուկ հետաքրքրություն է ներկայացնում «Մեղրի» ազատ տնտեսական գոտին, որ նաև իրանական շուկա մուտք գործելու նոր և գրավիչ տարբերակ է: Չինացի գործարարներին հաճախ հուզում է ներդրումների պաշտպանվածության խնդիրը, ինչին ի պատասխան՝ մենք ներկայացնում ենք Հայաստանի՝ ներդրումների պաշտպանության լայն և ապահով մեխանիզմները:
-Չինաստանը Հայաստանի հիմնական գործընկերներից է՝ հաշվի առնելով այն կշիռը, որ ունի երկկողմ առևտրաշրջանառության մեջ: Ո՞ր ապրանքատեսակների մասով է Հայաստանը գրավիչ Չինաստանի համար:
-Առայժմ ամփոփված են Հայաստանի և Չինաստանի առևտրաշրջանառության ծավալների 2018-ի առաջին չորս ամիսների տվյալները` գրանցել ենք առևտրաշրջանառության ավելի քան 40 տոկոս աճ նախորդ տարվա համեմատ: Եթե առևտրաշրջանառությունը դիտարկենք առանձին ապրանքների տեսանկյունից, Հայաստանից Չինաստան արտահանվող ապրանքների ծավալի հիմնական մասը բաժին է ընկնում հանքահումքային ապրանքներին: Սակայն ուրախությամբ կարող եմ նշել, որ 2017-ին զգալի աճ է գրանցվել գինու և ալկոհոլային այլ խմիչքների՝ դեպի Չինաստան արտահանման ծավալներում՝ 2016-ի համեմատ: Որոշ առանձին ապրանքատեսակներում անգամ բազմակի աճի ենք ականատես, օրինակ խաղողի գինու դեպքում գրանցվել է 5,8 անգամ աճ: Հիմնական արտահանման ապրանքների շարքում են նաև թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարերը: Հունիսի 15-18-ը Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամը Ցինտաո քաղաքում Շանհայի համագործակցության կազմակերպության հրավերով մասնակցում էր ՇՀԿ ներկրման ցուցահանդեսին: Հայաստանից Չինաստան արտահանվող ապրանքների ցանկում իր հաստատուն տեղն են զբաղեցրել գինին և ալկոհոլային խմիչքները, որ համային և որակական հատկանիշներով կարող են մրցունակ լինել և հետաքրքրել չինացի սպառողին: Այս տեսանկյունից ցուցահանդեսը շատ արդյունավետ էր՝ ավելի ճանաչելի դարձնելու հայկական գինին այս մեծ շուկայում: Մեր հայկական տաղավարի հանդեպ մեծ հետաքրքրություն և աշխուժություն էր նկատվում: Մենք հանդես եկանք նաև գինու զբոսաշրջության ամբողջական և համակողմանի ցուցադրությամբ: Ցուցահանդեսին մասնակցում էին նաև Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը և «Արենի Փառատոն» հիմնադրամը: Չինական շուկայում հայկական արտադրության ապրանքների, այդ թվում՝ գինու ճանաչելիության բարձրացման և իրացման նպատակին է ծառայում նաև «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» համագործակցության նորարարական կենտրոնի շրջանակներում գործող Հայաստանի համագործակցության գրասենյակը, որը գտնվում է հենց այս քաղաքում:
-Հայ-չինական հարաբերությունների զարգացման առումով առաջիկա ի՞նչ ծրագրեր կան:
-Չինական կողմի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ առհասարակ բավականին մեծ է: Հայաստանի ճանաչելիությանն ուղղված մեր շարունակական աշխատանքը տալիս է տեսանելի արդյունքներ: Մենք ակտիվ աշխատում ենք Չինաստանի տարբեր խոշոր նահանգների և քաղաքների հետ, որոնք պատրաստակամ են՝ համագործակցել մեզ հետ: Օրինակ՝ վերջերս ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի և Չինաստանի Ծիանգսու նահանգի Զբոսաշրջության կոմիտեի միջև, որը նախատեսում է ակտիվ փոխգործակցություն Ծիանգսու նահանգի և Հայաստանի միջև զբոսաշրջության ոլորտում: ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանի հետ գործնական այց կատարեցինք Չինաստանի խոշորագույն՝ Չոնգցինգ քաղաք, որն արդյունաբերական և առևտրային կենտրոն է, հանդիպեցինք քաղաքի պետական մարմինների և տարբեր ոլորտների մասնավոր ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ զբոսաշրջությունից մինչև մեքենաշինություն: Առաջիկայում նախատեսվում են այդ կազմակերպությունների ճանաչողական այցերը Հայաստան՝ տեղում տնտեսական և ներդրումային հնարավորություններին ծանոթանալու և հետագա համագործակցությունը քննարկելու նպատակով։