Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է այցելել Իրան` Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդաշարի եթերում ասել է ՀՀ վարչապետի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Արսեն Խառատյանը։ «Այց Իրան նախատեսվում է։ Մեր առաջնահերթություններից է հարևան երկրներ այցելելը։ Ռամադան էր Իրանում մինչև հունիսի 17։ Այժմ ժամկետները ճշտվում են և առաջիկայում կլինի»,- ասաց նա։
Արսեն Խառատյանի գնահատականով` բարդ փուլ է սկսվելու հայ-իրանական հարաբերություններում` Իրանը պատժամիջոցների տիրույթում է հայտնվելու։
«Եվ մենք լարախաղացի գործ ունենք, ինչպես միշտ։ Մեր արտաքին քաղաքականությունը լարախաղացի գործ է՝ ինչպես անել, որ չընկնել։ Անընդհատ պետք է աշխատել»,- նշեց ՀՀ վարչապետի խորհրդականը։ Նա ասաց նաև, որ իրանական էժան գազի թեման բաց է, կան շատ հնարավորություններ, սակայն առավել հստակ հնարավոր կլինի խոսել այցից հետո։