ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Մինսկում մասնակցել է ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրին անդամակցող երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը: Մինսկի հանդիպմանը մասնակցում է նաև Ադրբեջանի ԱԳ նախարարը: Իր ելույթում Զոհրաբ Մնացականյանը կարևորել է ԵՄ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացին։ Նա բարձր է գնահատել քաղաքացիական հասարակության «հետևողական ներգրավվածությունը» Արևելյան գործընկերության օրակարգային հարցերի շրջանակներում: ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձել է նաև ղարաբաղյան խնդրին:
«Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և անվտանգության հարցերը Հայաստանի համար գլխավոր առաջնահերթություններ են։ Խաղաղությանը նպաստող մթնոլորտն առանցքային նշանակություն ունի բանակցային գործընթացի արդյունավետության համար, և դրան պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել։ Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի երկայնքով, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին լարվածությունը, ռազմատենչ հռետորաբանությունը, մարդկանց շփումներին խոչընդոտելը պետք է հստակորեն մերժվեն»,- ասել է Զոհրաբյանը: Նա նշել է նաև՝ ԵՄ Արևելյան գործընկերության անդամ երկրները պետք է զերծ մնան այնպիսի գործողություններից, որոնք կարող են էլ ավելի սրել իրավիճակը հակամարտության գոտում։ ԱԳ ծրագրում ներգրավված Բելառուսը, որ նաև ՀԱՊԿ անդամ է, սպառազինության հերթական խմբաքանակն է մատակարարել Ադրբեջանին: