Թուրքիայում քվեատուփերի 79 տոկոսի ձայների հաշվարկի համաձայն, նախագահական ընտրությունների նախնական արդյունքներով «Արդարություն և զարգացում» և «Ազգայնական շարժում» կուսակցությունների ձևավորած «Ժողովրդական դաշինքի» թեկնածու, գործող նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ստացել է ընտրողների ձայների 54,3 տոկոսը, Էրդողանի գլխավոր մրցակիցը Ժողովրդահանրապետական կուսակցությունից առաջադրված Մուհարեմ Ինջեն ստացել է ձայների 29,9 տոկոսը, «Լավ» կուսակցության նախագահի թեկնածու Մերալ Աքշեները՝ 7,5, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից Սելահաթթին Դեմիրթաշը՝ 7,2, «Երջանկություն» կուսակցությունից՝ Թեմել Քարամոլլաօղլուն 0,91, իսկ «Հայրենիք» կուսակցությունից Դողու Փերինչեքը ձայների 0,2 տոկոսը:
Խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն, ժամը 22։00-ի դրությամբ բացվել է քվեատուփերի 74 տոկոսը: Ըստ այդմ, «Արդարություն և զարգացում» և «Ազգայնական շարժում» կուսակցությունների «Ժողովրդական դաշինքը» ստացել է ընտրողների ձայների 55,6 տոկոսը, ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական», «Լավ», «Երջանկություն» կուսակցությունների միասնական «Ազգային դաշինքը»` 33 տոկոսը, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը ստացել է 10,2 տոկոս` հաղթահարելով նախընտրական շեմը: «Հայրենիք» և «Ազատ գործ» կուսակցությունները միասին 1,3 տոկոս քվե ունեն: