Թուրքիայի գերագույն ընտրական հանձնաժողովի ղեկավար Սադի Գյուվենան հայտարարել է, որ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հունիսի 24-ի արտահերթ նախագահական ընտրություններում ստացել է քվեների բացարձակ մեծամասնությունը: Մշակվել է քվեաթերթիկների 99 %-ը, Էրդողանը ստացել է ձայների 52,6%-ը:
«Իմ ազգն ինձ պետության ղեկավարի պարտականությունները կատարելու իրավունք է տվել: Կարծում եմ՝ ոչ ոք կասկածի տակ չի առնի քվեարկության արդյունքներն ու սեփական պարտությունն արդարացնելու նպատակով մեջտեղ չի բերի ժողովրդավարությունը»,- հայտարարել է Էրդողանը:
Հաղթանակից հետո Էրդողանն Անկարայում ելույթ է ունեցել իր աջակիցների առաջ՝ խոստանալով օրուգիշեր աշխատել՝ իր երկիրն ամբողջ աշխարհի համար օրինակ դարձնելով: «Շնորհակալ եմ քաղաքացիներից յուրաքանչյուրին, ով իր պարտքն է կատարել ու մասնակցել է ընտրություններին և կապ չունի, թե իր քվեն ում օգտին է տվել: Շնորհակալ եմ բոլոր թեկնածուներին ու նրանց օգնականներին: Մենք հրաման ենք ստացել ժողովրդից, ու մոտ ժամանակներս կշտկենք մեր բոլոր թերությունները: Մենք ավարտել ենք կառավարման նախագահական համակարգին անցնելու աշխատանքների հիմնական մասը: Երբ կողմնորոշվենք վարչակազմի ու նախարարների հարցում՝ կսկսենք օրուգիշեր աշխատել, կկատարենք մեր բոլոր պարտականություններն ու ամբողջ աշխարհի համար օրինակ կդառնանք»,-հայտարարել է նա:
Habertürk-ը հաղորդում է, որ գործող նախագահի գլխավոր ընդդիմադիր մրցակից Մուհարրեմ Ինջեն ճանաչել է Էրդողանի հաղթանակը: Նա ստացել է 30,7 % ձայն։
«Ես համաձայն եմ՝ Էրդողանը հաղթել է»,-նշել է Ինջեն: