Թուրքիայի արտահերթ նախագահական ընտրություններում ձայների 99 տոկոսի հաշվարկի արդյունքում նախագահ է վերընտրվել «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը:
Խորհրդարանական ընտրությունների արդյունքում՝ 600 պատգամավորական մանդատ ունեցող խորհրդարանում ԱԶԿ-ն ստացել է 293 պատգամավորական մանդատ, ՀԺԿ-ն՝ 146, ԺԴԿ-ն՝ 67, «Ազգայնական շարժում» կուսակցությունը՝ 50, «Լավ» կուսակցությունը՝ 44: Ընտրություններին գրանցվել է քաղաքացիների մասնակցության ռեկորդային բարձր ցուցանիշ՝ 87,5 տոկոս: Ստացած քվեներով Էրդողանի կուսակցությունը չի ստացել անհրաժեշտ քանակությամբ մանդատներ, որ միայնակ կառավարություն ձևավորի:
Ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո՝ ուշ երեկոյան Էրդողանն Անկարայում ԱԶԿ գլխավոր գրասենյակի դիմաց ելույթ է ունեցել կողմնակիցների առաջ: Նա շնորհակալություն է հայտնել իր կողմնակիցներին, ովքեր շարունակում են իր կողքին մնալ: Արձանագրելով, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն այն չեն, ինչն ինքն ակնկալում էր, Էրդողանը նշել է, որ ընտրություններում հաղթանակ է տարել ժողովրդավարությունը: «Մենք ստացանք այն ուղերձը, որը քվեարկության արդյունքում ժողովուրդը տվեց մեր կուսակցությանը: Վստահ եղեք, որ առաջիկա շրջանում վերացնելու ենք բոլոր թերությունները»,- հայտարարել է նախագահը: