Էկոնոմիկայի և ֆինանսների եվրակոմիսար Պիեռ Մոսկովիսին հայտարարել է, որ պաշտպանում է պատժամիջոցների հնարավոր սահմանումը ԵՄ այն երկրների նկատմամբ, որոնք միգրանտներին մերժում են ապաստան տրամադրելու հարցում: Առաջարկն արել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Ես, ավելի շուտ, հավանություն եմ տալիս»,- ասել է Մոսկովիսին BFMTV հեռուստաալիքի եթերում:
Նա նշել է, որ այժմ խոսքն ավելի մեծ չափով վերաբերում է քաղաքական, քան միգրացիոն ճգնաժամին: «Առավել սաստիկ միգրացիոն ճգնաժամն անցյալում է, և դա փաստ է: 2015-ին կար ավելի քան մեկ միլիոն մարդ, որոնք մեր աշխարահամաս էին ժամանել և ապաստան Էին խնդրում: Հիմնականում նրանք ժամանում էին Հունաստան, գալիս էին Սիրիայից, Իրաքից, Աֆղանստանից»,- պարզաբանել է նա:
Մոսկովիսիի խոսքով՝ Եվրամիությունում ձեռնարկված միջոցների շնորհիվ 2016-ից Եվրոպա ժամանող միգրանտների թիվն սկսել է կրճատվել:
«369000 միգրանտ 2016-ին, 140 հազար միգրանտ 2017-ին: Մենք վերադարձել ենք այն թվերին, որոնք կային նախքան ճգնաժամը: 28 հազար՝ այս տարվա սկզբից: Պետք չէ խառնել, ես խոսում եմ քաղաքական ճգնաժամի մասին»,- հավելել է նա։