Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում 41 կողմ, 5 դեմ, 5 ձեռնպահ ձայներով ընդունվել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, կառույցում հայկական պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանի նախաձեռնությամբ պատվիրակության ներկայացրած հրատապ բանաձևը ԵՄ անդամ պետությունների ազգային խորհրդարաններում ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման մասին:
Բանաձևը, վկայակոչելով 2018-ին ՀՀ -ում ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը՝ որպես ևս մեկ վերահաստատում Հայաստանի հանձնառության՝ ԵՄ-ի հետ առավել ռազմավարական և հավակնոտ հարաբերությունների, կոչ է անում ԵՄ անդամ պետությունների ազգային խորհրդարաններին առանց անհարկի հետաձգումների վավերացնել համաձայնագիրը: Բանաձևը կարևորում է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը մինչև Եվրոպական խորհրդարանի 2019-ի ընտրությունները: