Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն առաջարկել է Աբխազիային մտնել «եվրոպական տիպի Վրաստան և օգտվել եվրոպական ձևով զարգանալու և բարգավաճելու արտոնություններից»: «Պատերազմը ցավ է և անցյալ, իսկ մեր ապագան՝ խաղաղությունն է ու զարգացումը»,- հայտարարել է Բախտաձեն՝ այցելելով Աբխազիայի հետ սահմանակից Զուգդիդիի բնակիչներին:
Շաբաթվա սկզբին, Վրաստանի կառավարությունը խորհրդարանի հաստատմանն է ներկայացրել Աբխազիայի և Հարավային Օսիայի 33 քաղաքացիների ցուցակ, որոնց նկատմամբ կարող են պատժամիջոցներ սահմանվել: Թբիլիսին նրանց մեղադրում է Վրաստանի կողմից չվերահսկվող տարածքներում Վրաստանի քաղաքացիների սպանության, առևանգման, կտտանքների ու այդ հանցագործությունները կոծկելու մեջ։ Աբխազիայի իշխանությունները խստորեն քննադատել են այս քայլը՝ սպառնալով դադարեցնել բանակցությունները բոլոր ձևաչափերով: