Կատալոնիայի կառավարության՝ Ժեներալիտետի ղեկավար Կիմ Տորան, ելույթ ունենալով Վաշինգտոնում, հայտարարել է, որ Կատալոնիայում քաղաքական ճնշումներ են տիրում: «Ես բացատրել եմ Կատալոնիայում տիրող իրավիճակը, որ կան քաղաքական ճնշումներ, կան աքսորյալներ, և ինքնորոշման մեր իրավունքը քրեականացվում է»,- մեկնաբանել է Կիմ Տորան:
Ելույթ ունենալով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ՝ կատալոնացի ղեկավարը համեմատություններ է կատարել կատալոնացիների և հայ ժողովրդի միջև՝ շեշտելով, որ իրեն արտոնյալ է զգում՝ գտնվելով մի ժողովրդի ղեկավարի կողքին, որը ոգեշնչում է և չնայած իր տառապանքներին կարողացել է հասնել իր քաղաքական ներուժին: «Ձեր ազգային կամքն օրինակ է, որը ոգեշնչում է ազատության և ժողովրդավարության բոլոր կողմնակիցներին»,- ասել է Տորան՝ հիշատակելով նաև Հայոց ցեղասպանության հարցը: Անդրադառնալով Ցեղասպանությանը՝ Տորան նշել է, որ «կատալոնացիները ենթարկվել են քաղաքական, լեզվական և մշակութային հետապնդման վերջին մի քանի դարերի ընթացքում», և որ «հայերի օրինակը հույս է տալիս կատալոնացիներին»: