ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նիկոլ Փաշինյան. Դատախազության համար ևս նոր էջ է բացվել

Նիկոլ Փաշինյան. Դատախազության համար ևս նոր էջ է բացվել
01.07.2018 | 17:38

100 տարվա գործունեության ընթացքում դատախազության կյանքում եղել են շատ բարդ և վիճահարույց շրջաններ՝ սկսած 1930-ականների հայտնի իրադարձություններից, որ մարդկանց գիտակցության և պատմության մեջ մնացել է որպես 37 թվական` ՀՀ դատախազության 100-ամյակի տոնական միջոցառմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա, ցավոք, անկախությունից հետո նույնպես դատախազության գործունեության էջերը միշտ չէ, որ տոնական տրամադրությամբ են հագեցած եղել: «Իհարկե, եղել են վիճահարույց, ակնհայտ սխալ, ակնհայտ անթույլատրելի, ակնհայտ անօրինական քայլեր ու որոշումներ, և մենք բոլորս այդ մասին գիտենք: Բայց ես սա չեմ ասում մեր տոնը, ձեր տոնը փչացնելու համար, ես սա ասում եմ՝ ընդգծելու համար իմ համոզմունքը և ակնհայտ իրողությունը, որ ինչպես մեր պետական մյուս մարմինների համար, դատախազության համար ևս նոր էջ է բացվել, և այդ նոր էջը մեծ հնարավորություն է ինչպես Հայաստանի համար, ՀՀ քաղաքացիների համար, ինչպես իրավապահ, պետական բոլոր մարմինների համար, այնպես էլ դատախազության համար»,- ասաց նա: Նոր էջի առանցքային սկզբունքը հետևյալն է. «Նոր Հայաստանում մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն, և այդ պատասխանատվությունը պետք է լինի համաչափ, իրավաչափ և արդարացի, անմեղները պետք է ընդհանրապես որևէ հետապնդման չենթարկվեն, տուժողների իրավունքները պետք է լրջագույնս պաշտպանվեն, դատավարության բոլոր կողմերի իրավունքները պետք է պաշտպանվեն, նույնիսկ դատապարտյալների, մեղադրյալների իրավունքները պետք է պաշտպանվեն, և սա դատախազության կարևորագույն գործառույթներից մեկն է»,- ասաց նա:

Վարչապետի կարծիքով` Հայաստանի քաղաքացիների կարևորագույն պահանջն արդարության պահանջն է, և այս պահանջն իրականացնելու գործում դատախազության դերը դժվար է գերագնահատել: «Եվ ուրեմն՝ նոր Հայաստանում դատախազության կարևորագույն խնդիրն է ապահովել օրինականությունը և օրինականությունը, ընդ որում` չպետք է հաշվի առնի, թե ով է դրա հետ առնչվողը՝ իշխանավոր, թե ընդդիմադիր, գործող, թե նախկին պաշտոնյա, և որևէ կապ չպետք է ունենա այս վերաբերմունքը, հարաբերությունը քաղաքական որևէ ենթատեքստի հետ: Նոր Հայաստանում կարևորագույն գործառույթ է կոռուպցիայի դեմ պայքարը, և կոռուպցիայի դեմ պայքարում իրավապահ մարմինները դատախազության վերահսկողության ներքո պետք է լինեն չափազանց սկզբունքային, և բացարձակապես կապ չպետք է ունենա, թե ով է կոռուպցիոները՝ նախկին, թե ներկա պաշտոնյա, թե որևէ այլ սուբյեկտ: ՀՀ-ում բոլորը հավասար են օրենքի առաջ, և այդ սկզբունքն ապահովող կարևորագույն, եթե չասենք առանցքային մարմինը ՀՀ դատախազությունն է»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը հավելեց, որ հույս ունի, որ Հայաստանի դատախազությունը սկզբունքային դիրքորոշում կունենա և սկզբունքային գործունեություն կծավալի պետական շահերի պահպանության ոլորտում:

Դիտվել է՝ 1602

Մեկնաբանություններ