Ադրբեջանի իշխանությունների ռազմաշունչ, ռազմատենչ հայտարարությունները ապակառուցողական են և ոչ մի կերպ չեն նպաստում բանակցային գործընթացին, դրա արդյունավետությանը` ասել է ԱԳ փոխնախարար Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի իշխանությունների հայտարարություններին և այդ համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման անհրաժեշտությանը:
«Հանդիպման մասին որևէ պայմանավորվածություն այս պահի դրությամբ չկա, և որևէ ֆիքսված օր նույնպես չկա»,- ասել է նա՝ հավելելով, որ հանդիպման ուղղությամբ աշխատանքներ տարվում են, և իր կարծքով՝ այդ աշխատանքները տուժում են Ադրբեջանի ապակառուցողական և ռազմատենչ հայտարարություններից: Ադրբեջանի հայտարարությունների վերաբերյալ միջազգային կառույցների, մասնավորապես՝ Մինսկի խմբի համանախագահների անհրաժեշտ արձագանքի մասին Ռուբեն Ռուբինյանը նշեց. «Պետք է հաշվի առնենք, որ ընդհանրապես արտաքին քաղաքականությունը, ես կասեի՝ միջազգային քաղաքականությունը, աշխարհի ամենաարագ բանը չէ, այսինքն՝ հաճախ կարող է մեկ օր հայտարարություն արվել, և դժվար է դրա վերաբերյալ արձագանք սպասել հաջորդ օրը, բայց, այնուամենայնիվ, մեզ համար խնդիր է, որ Ադրբեջանից անընդհատ արվող ապակառուցողական և ռազմաշունչ հայտարարությունները չեն արժանանում համապատասխան արձագանքի»: Նա չհամաձայնեց, որ նախկինում ընդդիմության մեղադրանքները՝ ուղղված իշխանությանը, թե ակտիվ չեն, Մինսկի խմբի առաջ պահանջներ չեն դնում, հիմա վերաբերում են իրենց:
«ԱԳՆ-ն աշխատում է բոլոր ուղղություններով, և եթե տեղեկացնելու բան լինի՝ անպայման կասվի: Մեր խնդիրը Ղարաբաղի հարցով այս պահի դրությամբ այս փուլում բանակցությունների դինամիկան և շարունակականությունն ապահովելն է, իսկ ընդհանուր առմամբ Ղարաբաղի հարցով կարող ենք վերհիշել կառավարության ծրագրում նշվածը, որ Արցախը պետք է որոշիչ ձայն և մասնակցություն ունենա բանակցություններում»,- ասաց նա: