Բրյուսելում բանակցություններից հետո ԵՄ 28 պետությունների ղեկավարները կարողացան ընդհանուր հայտարարի գալ` պայմանավորվելով անօրինական ներգաղթի դեմ նոր համաեվրոպական ռազմավարություն որդեգրելու մասին:
Եվրոպական պետությունները պարտավորվում են ուժեղացնել ԵՄ արտաքին սահմանների հսկողությունը, անօրինական ներգաղթյալների համար հատուկ միգրացրոն կենտրոններ ստեղծել, որտեղ աֆրիկյան և ասիական պետությունների քաղաքացիները կսպասեն իրենց կարգավիճակի հստակեցմանը:
Բանակցությունների գլխավոր մասնակիցներից մեկի` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի խոսքով` համաձայնությունը երկար ճանապարհի միայն առաջին քայլն է:
«ԵՄ օրակարգի ամենախնդրահարույց թեմայի շուրջ նման ինտենսիվ բանակցությունների ավարտին ես կարող եմ միայն ասել, որ համաձայնության ձեռքբերումն ինքնին լավ նշան էր: Ակնհայտ է, որ առջևում դեռ շատ անելիք կա»,- նշում էր Մերկելը: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքով` բանակցությունների սկզբում հեռանկարները բավական մշուշոտ էին թվում:
«Եվրոպան կղզի չէ, և մենք պետք է կարողանանք դիմակայել մարտահրավերներին: Շատերն էին կանխատեսում, որ այս հանդիպումը տապալվելու է: Մենք, սակայն, կարողացանք շարժվել ոչ թե նեղ ազգային, այլ համաեվրոպական լուծումների ճանապարհով»,- նշում էր Մակրոնը:
Ներգաղթի թեման ԵՄ պետությունների համար կրկին առաջնային դարձավ, երբ Իտալիայում իշխանության եկած աջակողմյան կոալիցիան պահանջեց վերանայել դաշինքի միգրացիոն քաղաքականությունը: «Իտալիան չի կարող միայնակ դիմակայել անօրինական ներգաղթի` Աֆրիկայից եկող հոսքին»,- հայտարարում էին Իտալիայի իշխանությունները: Հունիսի 11-ին պաշտոնական Հռոմը թույլ չտվեց 200 աֆրիկյան ներգաղթյալների տեղափոխող Aquarius նավին մուտք գործել իտալական նավահանգիստներ: Նոր պայմանավորվածությունները Իտալիայի վարչապետին բավարարում են: «ԵՄ խորհրդի այս նիստի ավարտին մենք շատ ավելի պատասխանատու և միասնական Եվրոպա ունենք: Իտալիան այլևս միայնակ չէ»,- հայտարարում էր Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն: Իտալացիների գլխավոր պահանջներից մեկը ԵՄ պետությունների միացյալ պատասխանատվության սկզբունքի կիրառումն է, երբ դաշինքի տարածք մուտք գործած ներգաղթյալների համար պատասխանատու կլինի ոչ թե նրանց առաջինը իր տարածքում ընդունած պետությունը (որպես կանոն՝ Իտալիան), այլ բոլոր պետությունները հավասարապես: Այս առումով առանցքային փոխզիջումը, որին հանգեցին կողմերը, միգրացիոն կենտրոնների ստեղծումն է: «Մեզ ուրախացնում է, որ առաջին անգամ միգրացիոն կենտրոններ կստեղծվեն ԵՄ սահմաններից դուրս: Դուք գիտեք, որ մենք վաղուց արդեն հանդես էինք գալիս պաշտպանված գոտիների ստեղծման գաղափարով: Մենք շատ ուրախ ենք, որ այս մտահղացումն ի վերջո կյանքի կոչվեց` տեղ գտնելով հռչակագրի տեքստում»,- հայտարարում էր հուլիսի 1-ից ԵՄ նախագահությունը ստանձնող Ավստրիայի վարչապետ Սեբաստիան Կուրցը: Միգրացիոն կենտրոնների տեղակայման վայրերը ԵՄ ղեկավարները դեռ չեն հստակեցնում: Չի բացառվում, որ մի մասը տեղակայվի ԵՄ տարածքում: Բրյուսելը, այդուհանդերձ, չի կարող պարտադրել իր անդամներին համաձայնել այդ կենտրոնների տեղակայմանն իրենց տարածքում: Այդ փաստը ուրախացնում է հատկապես Արևելյան Եվրոպայի պետությունների ղեկավարներին: «Այո, սա շատ լավ փոխզիջում է: Մենք հասանք մեր նպատակին, այն է՝ միգրացիոն կենտրոնների տեղակայումը հիմնված է լինելու բացառապես կամավորության և փոխհամաձայնության սկզբունքի վրա»,- բանակցությունների ավարտին նշում էր Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին:
ԵՄ ղեկավարները երեկ համաձայնության եկան նաև սիրիացի ներգաղթյալների հոսքը Թուրքիայի տարածքով կանխարգելելու շուրջ: Առաջիկայում Անկարան կստանա 3 միլիարդ եվրո օգնության երկրորդ տրանշը, որի միջոցով պետք է բարելավվի Թուրքիայի տարածքում բնակվող սիրիացի փախստականների վիճակը: