Նոր Հայաստանն արժանի է ԱՄՆ-ի ամենալայն աջակցությանը, «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում նշել է ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Կանչելյան-Սպիրը: Նրա խոսքով, կոնգրեսականների և գործադիր իշխանությունների մակարդակով քննարկվում է Հայաստանին «Հազարամյակի մարտահրավեր» ամերիկյան պետական կոռպորացիայի կողմից խոշոր օգնություն տրամադրելու հարցը:
«Դա բարդ գործընթաց է, հեշտ չի լինելու այդ խոշոր օգնության վավերացումը ստանալ, սակայն, ես զգույշ լավատեսությամբ եմ լցված»,- ասել է նա: «Հազարամյակի մարտահրավեր»-ի հաստատման դեպքում Հայաստանին կարող է տրվել 100 միլիոն դոլարի օգնություն: Կոնգրեսականի լավատեսության աղբյուրը նոր Հայաստանն է: Հայաստանի քաղաքացին, որ խաղաղ հեղափոխությամբ դուրս եկավ խորհրդային ավտորիտար և կոռուպցիոն ժառանգության ստվերից։ «Սկզբում ես մտահոգ էի, անհանգստանում էի, որ այդ իրադարձությունները Հայաստանը հետ կմղեն, որ կարող է արյունահեղություն լինել: Հետո՝ տեսա թե իրականում ինչ է կատարվում և դա կարծես հրաշք լիներ. Մեկ քար չի նետվել, մեկ ատրճանակ չի կրակել: Այդ հեղափոխությունը կարծես տոնակատարություն լիներ: Երբ փոքր երեխաներն իրենց խաղալիքներով փակում էին փողոցները՝ այդ ամենն ուղղակի անհավատալի դրական զգացմունքներ էր արթնացնում»,- ասել է կոնգրեսականը:
ԱՄՆ-ը հետաքրքրված է, որ Հայաստանը ծաղկի և բարգավաճի, ասում է նա: ԱՄՆ-ը կարող է օգնել Հայաստանին ինքնուրույն ապահովել սեփական էներգետիկ կարիքները, նոր աշխատատեղեր ստեղծել՝ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաները, նշում է կոնգրեսական Կանչելյան-Սպիրը, որ ներկայացնում է տեխնոլոգիաների առաջատար Սան Ֆրանցիսկոն։ «Գուցե, մենք կարող ենք ուղարկել Իլոն Մասկին, որ Հայաստանում արեգակնային էներգիան կզարգացնի և վերջ կդնի երկրի կախվածությանը արտերկրի էներգակիրներից: Գուցե, կարող ենք ուղարկել Մարկ Ցուկերբերգին, որ կօգնի զարգացնել բարձր տեխնոլոգիաները: Հայաստանի տաղանդավոր երիտասարդները կարող են երկիրը համաշխարհային տեխնոլոգիաների կենտրոնի վերածել, եթե նրանց տրվեն այդ միջոցները»:
Առաջիկա ամիսներին Ջեքի Կանչելյան-Սպիրը նախատեսում է Հայաստան բերել կոնգրեսականների ևս մի խումբ՝ ԱՄՆ-ի օրենսդիրներին Հայաստանը ներկայացնելու և անձամբ ծանոթանալու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: «Դա անչափ կարևոր այց է լինելու: Ես ցանկանում եմ մեր աջակցությունը ցուցաբերել Հայաստանի քաղաքացիներին, Հայաստանի նոր կառավարությանն ու նոր վարչապետին»,- ասել է կոնգրեսականը: