ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ՆԱՏՕ-ն ցանկանում է խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ

ՆԱՏՕ-ն ցանկանում է խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ
03.07.2018 | 18:43

ՆԱՏՕ-ն ցանկանում է խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ և պատրաստակամ է աջակցել Փաշինյանի կառավարությանը՝ սկսած բարեփոխումներն ընդարձակելու հարցում: «Ես անվերապահորեն վստահ եմ, որ Հայաստանում իշխանափոխությունից հետո մեր կայուն համագործակցությունը կշարունակվի»,- «Ազատությանը» ասել է դաշինքի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով փոխտեղակալ Ջեյմս Ափաթուրայը: «Նախ, կուզեի նշել, որ մենք շնորհավորական ուղերձ ենք հղել նոր վարչապետին, և իմ ընկալումն է, որ Հայաստանը մտադիր է շարունակել ՆԱՏՕ-ի հետ տարիների ամուր համագործակցությունը: Մենք ողջունում ենք Հայաստանի ներդրումը խաղաղապահ առաքելություններում՝ Աֆղանստանում ու Արևմտյան Բալկաններում: Հայաստանն իսկապես շատ կարևոր դերակատարություն է ունեցել, և մենք ընդունում ենք դա»,- ասել է Ափաթուրայը:

Հաջորդ շաբաթ Հայաստանի վարչապետն առաջին այցով կմեկնի Եվրոպա՝ Բրյուսել, ուր այդ օրերին անցկացվելու է նաև ՆԱՏՕ-ի գագաթաժողովը: Հավաքին ներկա կլինեն ոչ միայն կառույցի անդամ գերտերությունների առաջնորդները՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, այլև դաշինքի հետ համագործակցող ու խաղաղապահ առաքելություններին մասնակցող երկրների ղեկավարները: ՀՀ ԱԳՆ-ը դեռ պաշտոնապես չի հաստատում, ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյան նշում է՝ մասնակիցների թվում է Հայաստանի վարչապետը: «Հայաստանի վարչապետը կմասնակցի գագաթնաժողովին, ու թեև ես հստակ չգիտեմ, բայց հույս ունեմ, որ նա նաև մտքերի փոխանակման հնարավորություն կունենա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ»,- ասել է դաշինքի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով փոխտեղակալը: Բրյուսելում վստահ են, որ կարող են ամրապնդել համագործակցությունը և երկխոսությունը Հայաստանի նոր կառավարության հետ:

«Մենք կուզենայինք շարունակել աջակցությունը Հայաստանին և նոր իշխանությունների բարեփոխումներին: Նոր կառավարությունը որդեգրել է բարեփոխումների քաղաքականություն, օրինակ՝ պայքար է տանում կոռուպցիայի դեմ: Մենք հատուկ ծրագիր ունենք՝ պաշտպանական ոլորտում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ, որը կարող է օգտակար լինել Հայաստանի նոր կառավարության համար՝ էլ ավելի ընդարձակելու իր պայքարը»,- ասել է Ափաթուրայը:

Դիտվել է՝ 1154

Մեկնաբանություններ