Փաստաբան, քրեական իրավունքի մասնագետ Նորայր Նորիկյանը վստահ է՝ Հատուկ քննչական ծառայությունը պետք է փոխի Մարտի 1-ի գործով պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին առաջադրված մեղադրանքը և առաջադրի այլ մեղադրանք Քրեական օրենսգրքի այլ հոդվածով։ ՀՔԾ-ն պաշտոնական հաղորդագրությամբ տեղեկացրեց, որ Մարտի 1-ի գործով հուլիսի 3-ին քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ Հայաստանի Հանրապետության գործադիր մարմնի ղեկավար անձի՝ պաշտպանության նախարարի և այլ անձանց կողմից 2008-ի փետրվարի 23-ից մինչև մարտի 2-ը ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու դեպքի առթիվ:
Ավելին` մեղադրանքն առաջադրվել է նույն հոդվածով ու միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Հարությունյանին կալանավորելու համար։
Փաստաբանը, վկայակոչելով ՀՀ օրենսդրությունը, բացատրեց, թե ինչու է ՀՔԾ-ն սխալ հոդվածով մեղադրանքն առաջադրել. «Նշված հոդվածը ԱԺ-ն ընդունել է 2009-ին, այսինքն՝ այդ քրեական օրենքն ընդունվել է 2008-ի մարտի 1-ից հետո: 2008-2009-ին գործող ՀՀ Սահմանադրության 22-րդ հոդվածի համաձայն՝ մարդուն չի կարելի հանցագործության համար մեղավոր ճանաչել, եթե արարքի կատարման պահին գործող օրենքով հանցագործություն չի համարվել: Պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող օրենքը հետադարձ ուժ չունի: 2008-2009-ին գործող ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի համաձայն, անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտեր հետադարձ ուժ չունեն: Գործող Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն՝ ոչ ոք չի կարող դատապարտվել այնպիսի գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել: Չի կարող նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը ենթակա էր կիրառման հանցանք կատարելու պահին: Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ: ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ արարքի հանցավորությունը և պատժելիությունը որոշվում են կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով: Նույն օրենսգրքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենքը հետադարձ ուժ չունի»։
Ըստ փաստաբանի, մարդուն չի կարելի հանցագործության համար մեղավոր ճանաչել, եթե արարքի պահին գործող օրենքով հանցագործություն չի համարվել:
Կառավարության նիստից առաջ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը անդրադարձել էր այս մեկնաբանություններին և նշել, որ ոչ կոմպետենտ հայտարարություններ են։
«Այն մեկնաբանությունները, որոնք տալիս են որոշ իրավաբաններ, թե գործը հարուցվել է մի հոդվածով, որը գոյություն չի ունեցել, մեղմ ասած, ոչ կոմպետենտ մեկնաբանություններ են, որովհետև այդ արարքը՝ սահմանադրության տապալումը, գոյություն է ունեցել նաև 2008-ին, պարզապես նախատեսված է եղել մեկ այլ հոդվածով։ Ընդամենը նախատեսված է եղել 300 հոդվածով, հետագայում այս հոդվածի դիսպոզիցիայից այս գործողությունը հանվել և նախատեսվել է 301.1 հոդվածով։ Ընդամենը փոխվել է հոդվածի համարը»,- ասել էր նա։
Քրեական իրավունքի մասնագետի խոսքով, 2008-ին Քրեական օրենսգրքում կատարվել է լրացում, ինչը ենթադրում է, որ նոր հոդված է ավելացել քրեական օրենսգրքում։ Խոսքը Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի մասին է, որով Միքայել Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել։
«Եթե 300 հոդվածում կատարվեր փոփոխություն, ապա ամեն ինչ ճիշտ կլիներ, իսկ եթե օրենսգրքում կատարվել լրացում, այսինքն՝ նոր հոդված է ավելացել, ապա դա իրավիճակը փոխում է, և նշանակում է որ կա այլ հանցակազմ։ Նրանք պարտավոր են վերանայել առաջադրված մեղադրանքը»,- նկատեց Նորիկյանը։
Մեղադրանքը, ըստ Նորիկյանի, կարող է առաջադրվել օրինակ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 309 հոդվածով՝ «Պաշտոնեական լիազորություններն անցնելը»