Իրանի նախագահ Հասան Ռոհանին երկօրյա այցով մեկնել է Վիեննա: Չորս օր առաջ ԵՄնախագահությունը ստանձնած Ավստրիայի ղեկավարության հետ Իրանի նախագահը քննարկելու է 2015-ին կնքված միջուկային համաձայնագրի փրկության հեռանկարները: Վաշինգտոնի համաձանագիրը լքելու որոշումից հետո էլ ԵՄ ղեկավարները շարունակում են պնդել, որ հավատարիմ են երեք տարի առաջ կնքված այս փաստաթղթի դրույթներին և կոչ են անում Իրանի իշխանությունների հապշտապ քայլեր չձեռնարկել ու չհետևել Թրամփի վարչակազմի օրինակին:
Հասան Ռոհանիի խոսքով՝ Իրանի իշխանությունները առայժմ հակված չեն կտրուկ գործողությունների, սակայն իրադրությունը կարող է փոխվել ցանկացած պահի: Այս մասին Իրանի նախագահը հայտարարեց Վիեննա ուղևորվելուց մի քանի ժամ առաջ` Շվեյցարիա այցի շրջանակում: «Նախկինում էլ ասվել է, որ քանի դեռ միջուկային համաձայնագրի շրջանակում մեր ազգային շահերը հաշվի են առնվում, քանի դեռ մենք զգում ենք, որ կարողանում ենք օգուտներ քաղել այս համաձայնագրից, մենք հավատարիմ կմնանք այդ փաստաթղթի դրույթներին»,- հայտարարում էր Ռոհանին շվեյցարացի պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսի ժամանակ: