Յուրացումներ կատարելու կասկածանքով ԱԱԾ-ի ձերբակալած «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանն իր հայտարարությամբ հայտնել է, որ հիմնադրամից վերցրած գումարները վերադարձրել է, սակայն ընթանում է քննություն, որ պարզվի, այդ գումարները վերադարձրել է, թե ոչ` կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
«Իր հայտարարությամբ այդ գումարները վերադարձրել է, բայց մենք հիմա քննությունն ենք իրականացնում, որից ամեն ինչ պարզ կլինի: Այս պահին չեմ կարող այդ հարցին պատասխանել: Ստուգումներ կլինեն, կտեղեկացվեք»,- ասաց Վանեցյանը: Նրա խոսքով՝ ԱԱԾ-ն հստակ տվյալ ունի, որ հիմնադրամից վերցվել է մոտ 130 մլն դրամ, խաղացել է խաղատներում և այլն: Հարցին, թե միևնույն է, եթե անգամ վերադարձրել է, բայց օգտվել է վարկային գծից, քրեորեն պատժելի՞ է, Վանեցյանն ասաց. «Միանշանակ»:
Հարցին, թե նախկին բարձրաստիճան պաշտոնյաները լքում են Հայաստանը, օրինակ` Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը երկրում չէ, Վանեցյանն ասաց. «Միքայել Հարությունյանը երկրից դուրս է եկել այն ժամանակ, երբ դեռևս որևէ քրեական հետապնդում չէր իրականացվում, ԱԱԾ-ն տիրապետում է ողջ իրավիճակին»: