Վիեննայում Իրանի նախագահ Հասան Ռոհանին հաստատել է՝ Թեհրանը հավատարիմ կմնա 2015-ին գերտերությունների հետ կնքված միջուկային համաձայնագրին այնքան, որքան իր շահերը կերաշխավորեն փաստաթուղթը ստորագրած մյուս կողմերը: Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենի հետ հանդիպումից հետո պատասխանելով լրագրողների հարցերին՝ Իրանի նախագահը հայտարարել է, թե համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը «ապօրինի» է:
«Ոչ ԱՄՆ-ը, ոչ էլ այլ երկիր չի շահի համաձայնագրից դուրս գալուց»,- ասել է Ռոհանին: Հուլիսի 6-ին Իրանի և հինգ գերտերությունների՝ Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Չինաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի արտգործնախարարները Ավստրիայի մայրաքաղաքում հանդիպելու են՝ քննարկելու միջուկային համաձայնագրի պահպանման ուղիները դրանից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո: