ՀՀԿ-ն պատրաստ է մեկ տարի հետո արտահեթ խորհրդարանական ընտրություններին` խորհրդարանում Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու համար ստեղծված աշխատանքային խմբի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։ Հարցին, թե պատրա՞ստ է ՀՀԿ-ն մեկ տարի հետո գնալ ընտրությունների, նա պատասխանեց. «Սկզբունքորեն ինչու՞ ոչ»։ Կառավարությանն առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի հետ աշխատանքի մասին Հարությունյանն ասաց, որ ծրագրվել էր, որ նրանք ներկա են լինելու, սակայն չեն եկել։ «Ազգային ժողովի նախագահը հրավեր էր հղել կառավարության ներկայացուցիչներին, սակայն ինձ գոնե անհայտ պառտճառներով, նրանք չեն եկել։ Հուսանք, որ մյուս հանդիպումների ժամանակ նրանք արդեն կլինեն»,- նշեց Հարությունյանը։
Անդրադառնալով կառավարությանն առընթեր հանձնաժողովի առաջարկներին՝ ընտրություններում անցողիկ շեմն իջեցնելուն և ամբողջությամբ համամասնական ընտրակարգ ներմուծելուն` Հարությունյանն ասաց, որ անցողիկ շեմն իջեցնելը որոշակի նպատակ պետք է հետապնդի։
«Խորհրդարանական համակարգերում շատ կարևոր է, որ լինի կայուն խորհրդարանական մեծամասնություն, իսկ ընտրական շեմը նվազեցնելը հակառակ ուղղությամբ է տանում պրոցեսը։ Ես ուզում եմ հասկանալ, թե որն է եղել խնդիրը, ինչու՞ համար ենք մենք դա անում։ Եթե պլանավորում ենք հրաժարվել խորհրդարանական մոդելից, ես դա կարող եմ հասկանալ»,- կարծիք հայտնեց Հարությունյանը։ «Արդյոք նման ձևով մենք խթանում ենք այդ կուսակցությունների կայացումը, թե՞ մենք հնարավորություն ենք ստեղծում փոքրիկ կուսակցությունների ստեղծմանը։ Ինձ պարզ չեն դրդապատճառները, իսկ առանց դրդապատճառների ուղղակի վերցնել մի գաղափար և իրագործել, կարծում եմ, շատ արհեստական է»,- նշեց Հարությունյանը։
Անդրադառնալով ընտրակարգին՝ ՀՀԿ անդամը ասաց, որ բաց ցուցակներով ընտրակարգը, որը կիրառվել է նախորդ խորհրդարանական ընտրություններում, իհարկե, ունեցել է թերություններ։ «Իմ խորին համոզմամբ Հայաստանի ապագան այն ընտրական մոդելն է, որը ներկայումս գործում է, սակայն այն, բնականաբար, ցույց կտար իր ողջ հմայքը մեկ, երկու երեք ընտրական ցիկլերի ընթացքում, և ոչ թե հենց առաջին ընտրության ժամանակ։ Ես հասկանում եմ, որ այդ ընտրակարգը բացասական տարրեր ունի հատկապես այն կուսակցությունների համար, որոնք տարածքներում չունեն ստորաբաժանումներ։ Ես կարծում եմ, որ դրական, բացասական կողմերը պետք է համադրել միմյանց ու փորձել գտնել օպտիմալ լուծումը, որովհետև գոնե բաց ցուցակների նպատակը մեկն է՝ թույլ չտալ, որ կուսակցությունները դառնան փակ կառույցներ, որ կուսակցության վերնախավը ինքը որոշի ցուցակի հերթականությունը։ Հայաստանում ինձ թվում է, որ դա վտանգավոր է, և կարծում եմ, որ ժողովուրդը ազդեցություն պետք է ունենա»,- ասաց նա։ Հարությունյանի խոսքով՝ քննարկման ընթացքում լուծումներ կգտնվեն ընտրակարգի հետ կապված, քանի որ համամասնական ընտրակարգն ունի 100-ից ավելի տարատեսակ: