ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Գյումրիում ՌԴ դեսպանին հորդորեցին հետևողական լինել զինտեխնիկայից վնասված փողոցների նորոգման հարցում

Գյումրիում ՌԴ դեսպանին հորդորեցին հետևողական լինել զինտեխնիկայից վնասված փողոցների նորոգման հարցում
05.07.2018 | 22:19

Հայաստանում ՌԴ նորանշանակ դեսպան Սերգեյ Կոպիրկինը ճանաչողական այցով Գյումրիում էր: Քաղաքապետի հետ հանդիպմանը ռուս դիվանագետն ընդգծեց, որ ռուսական կողմի համար Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքը կարևոր դեր ունի: Նա խոսեց ռուսական ռազմաբազայի, ռուս սահմանապահների ներկայության, երկու ժողովուրդների պատմական կապերի մասին: Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը բարձրացրեց ռուսական կողմի ֆինանսավորմամբ Գյումրիում իրականացվելիք ծրագրերի հարցը: Մի քանի տարի առաջ ՌԴ ՊՆ է ներկայացվել նախագիծ ու նախահաշիվ՝ Գյումրիում 10 կմ երկարությամբ ճանապահների հիմնանորոգման համար: Քաղաքապետը դեսպանին տեղեկացրեց, որ նույնիսկ համաձայնագիր է ստորագրվել, սակայն այդպես էլ «սայլը տեղից չի շարժվել»: Խոսքը այն փողոցների հիմնանորոգման մասին է, որոնց ծածկույթը շարքից դուրս է եկել ռուսական ռազմաբազայի ծանր զինտեխնիկայի տեղաշարժի հետևանքով:


Հայ-ռուսական միջգերատեսչական հանձնաժողովը հարցի քննարկումը ձգձգում է, առաջիկայում կկայանա հանձնաժողովի այս տարվա նիստը, և այժմ Սամվել Բալասանյանը նորանշանակ դեսպանին հորդորում է հարցն իր ուշադրության կենտրոնում պահել: «Ես կարող եմ տրամադրել փաստաթղթերի փաթեթը, օգնեք, որ իրագործվի, քանի որ սա շատ կարևոր հարց է քաղաքի համար»,- ասաց քաղաքապետը: Դեսպանը պատասխանեց, որ տեղյակ է խնդրին, հավելելով, թե փորձագիտական եզրակացության կարիք կա:
Ռուսական կողմը ցանկություն ունի ռուսական զինվորական բնակելի թաղամասի շենքերը փոխանցել Գյումրու քաղաքապետարանի հաշվեկշռին: Քաղաքապետն այստեղ խնդիր է տեսնում՝ այդ բեռի տակ չեն ուզում մտնել: «Դա նոր մեծ բեռ է քաղաքի համար: Չգիտեմ՝ այնտեղ կան սեփականատերեր, ում են տվել բնակարանները, ովքեր են տերերը: Հաճախ գրում են, թե գազի, ջրի համար չեն վճարել: Դա, ինչքան գիտեմ, 102-րդ ռազմաբազայի կազմում է: Հենց այնպես փոխանցել դա առանց այն էլ շատ փոքր տեղական բյուջեով քաղաքին, հնարավոր չէ»,- ասաց Բալասանյանը:


Դեսպան Սերգեյ Կոպիրկինն էլ ասաց, թե իր համար կարևոր է, որ խնդիրները բարձրաձայնվում են: «Ես կարծում եմ, որ այս մոտեցումը ճիշտ է․ հարաբերությունները պետք է լինեն եղբայրական, բայց պետք է ուղղված լինեն կոնկրետ խնդիրների լուծմանը»,- նշեց դեսպանը:


Ռուսական կողմի ֆինանսավորմամբ Գյումրիում վերականգնվելու է փոստի հին շենքը: Նախագիծն այժմ քննարկվում է մշակույթի նախարարության հետ: Օրակարգում է նաև ռուսական զինվորական թաղամասի անավարտ շենքերի հարցը: Տարբերակներից մեկով առաջարկվում է այդ շենքերի կեսը տրամադրել ռուս զինծառայողներին, մյուս կեսը՝ գյումրեցիներին: Հենց այս տարբերակին են հակված քաղաքային իշխանությունները: Դեսպան Սերգեյ Կոպիրկինը լրագրողների հարցերին չպատասխանեց, խոստանալով Շիրակի մարզպետի հետ հանդիպումից հետո մամլո ասուլիս տալ:

Դիտվել է՝ 881

Մեկնաբանություններ