-Նանե՛, նանե՛, բոլոր տատերն իրենց թոռնիկներին հետաքրքիր հեքիաթներ են պատմում: Ես էլ եմ ուզում,- թախանձանքով դիմեցի Սաբրե տատիս:
-Վրեժ լաո՛, հեքիա՞թ կուզիս: Հա՜, իմ անուշ թոռան հեքիաթ պատմիմ: Հըմը ուշադիր անգշտրե (ականջ դիր),- ձախով գլուխս գրկեց մշեցի տատս, հետո աջով իր շուրթերը շոյելով սրբեց, բերանում մոլորված թուքը արճճի կտորի նման ցավով կուլ տվեց, կարծես քիչ առաջ սկսված պատերազմի լուր պիտի հայտներ:- Հենց հիմի՞ պատմիմ:
-Հենց հիմի՛, նանե: Վերջում էլ երեք խնձոր թող ընկնի երկնքից:
Մշեցի տատիս դեմքը մի վայրկյանում այլայլվեց, լարված աչքերը Մասիս սարն էին որոնում մայրամուտի մշուշի մեջ, կարծես կորցրած բան էր փնտրում:
-1915 թվի գարուն զուլում սկսվավ Մուշ ու Սասուն: Թուրք ու քուրդ, հազար շուն ու շանգյալ լցվան մեր գեղ՝ Մշո Բուլանուխի Կոպ... Շատ արուն թափավ: Մեծ կոտորում եղավ...
-Տատի՛, էդ ի՜նչ տխուր հեքիաթ է: Ես ուրախ հեքիաթ եմ ուզում: ՈՒրի՛շ բան պատմիր:
- Լա՛վ, Վրեժ լաո՛, թող քու ասածով էղնի, ուրախ հեքիաթ պատմիմ,- մի քանի վայրկյան միտքը փորփրեց տատս: Բայց մտքի թելը ոչ մի կերպ իր հեքիաթից չէր պոկվում: -ՈՒրեմն՝ փախեփախ էր: Ձորով փախանք, հասանք մի մեծ քարանձավ: Տղաներից ով զենք ուներ, նստավ քարանձավի մուտքի մոտ, ներսում ահել ու ջահել, հիվանդ ու հոգին տվող խառվանք իրար: Էն էրեխեն, որ լաց կեղներ, էնոնց մերեր թաշկինակով կամ գոգնոցի ճոթով կփակեին էրեխու բերան, որ ձեն չհասնի թուրքի ու քրդի ականջ: Հա՛, իմ անուշ թոռան հեքիաթ պատմիմ: Նույն քարանձավում երկար չէինք մնում, թշնամին մեր տեղ կիմանար: Ցերեկներ քարանձավի մեջ ահուդողով կնստեինք՝ սոված-ծարավ, գիշերներ ձորեձոր մթնով իրար ձեռք բռնած կերթայինք: Հետո մի ուրիշ ձորում մի նոր քարանձավ մտանք: Իմ ախպեր Մարտիրոս իմ ձեռք չէր թողնի, ինք կարդացվոր էր, շատ բան գիտեր: Ես յոթ տարեկան էի, բայց լաց էղնիլ մոռցա: Իմ արցունք երևի վախից ցամքավ ու ցամքավ:
-Լավ էլի՛, նանե, էդ է՞ քո հետաքրքիր հեքիաթը,- գունատվել էի ես, բայց հույսս չէի կորցրել հետաքրքիր հեքիաթ լսելու մտքից, որ հաջորդ օրը ես էլ իմ ընկերներին մի հեքիաթ պատմեմ:
-Լաո՛, մի շտաբե, թող զիմ հեքիաթ պատմիմ, դու անգշտրե,- գլուխս շոյեց տատս՝ ցավի հերթական արճիճը թքի հետ կուլ տալով:- Մեկ տարի ապրանք ձորերում ու քարանձավներում, արջերի ու գելերի բների մեջ: Էդ խեղճ կենդանիներ իրենց բներից փախան, դադարգուն էղան: Վերջապես՝ 1916 թվի գարուն թոփ ու թվանքի ձեն ընգավ Մշու դաշտ, արձագանք հասավ ձորեր ու քարանձավներ: Մարդիկ իրար կփսփսային՝ «Ռսի զորք ու հայ ֆիդայիների ջոկատներ հասան Մշու դաշտ: Ով ճար ու ճամփա ունի, թող հասնի իրենց»: Մեր քարանձավ թողինք արջերուն ու գելերուն, էգա՜նք, էգա՜նք ու վերջապես հասանք Անդրանիկ փաշի զորքին...
-Ա՛յ տատի, բա քո հեքիաթի մեջ յոթգլխանի վիշապ է՞լ չկա:
-Լաո՛, վիշապ իմա՞լ չկա: Բա վիշապն էր ընգե մեր հետևից: Մի քանի գլխանի վիշապ էր՝ մի գլուխ թուրքի է, մյուսը՝ քրդի, մեկելը եվրոպացու... Էդ վիշապ քու իմացած հեքիաթների վիշապի պես ջրի ակունքն ու ճամփան չէր փակե, էդ վիշապ կուզեր բոլոր հայերուն միանգամից կուլ տալ... Լաո՛, իմ տեսած վիշապի համեմատ քու իմացած հեքիաթների վիշապ խեր ու բարին է... Էդ յոթգլխանի սև վիշապ չոքել էր մեր հող ու ջրին ու զմեր արուն կխմեր...
-Նանե՛, որ վիշապ կար, բա հեքիաթի հերոս չկա՞ր՝ իր սպիտակ ձիով... ՈՒ՞ր է, ինչու՞ չփրկեց բոլորիդ...
-Հա՜, իմ անուշ թոռնիկ, խելոք հարց կիդաս: Իմ Մարտիրոս ախպեր մի սպիտակ ձիավոր ցույց տվեց, ասեց՝ «Անդրանիկ փաշան է, միշտ սպիտակ ձիով է, անունն էլ Ասլան է»: Ա՛յ էդ Սպիտակ ձիավորն էլ իմ հեքիաթի հերոսն է: Հաբա հեքիաթ չի՝ ի՞նչ է... Անդրանիկ փաշա՛ն մըզի փրկեց: Բա էլ հեքիաթի հերոսն իմա՞լ կեղնի... Ինչքան կկտրեր էդ վիշապի մանր ու մեծ գլուխներ, էնքան կշատանար... Էդ վիշապին չորս կողմից կօգնեին: Անդրանիկ ու մյուս ֆիդայիներ ինչքան գլուխ կկտրեին, էնքան կաճեր... Հա՛, լաո, թորգինք մեր տուն ու տեղ, Էգա՜նք, էգա՜նք, էգա՜նք, մինչև հասանք մի պղտոր գետի, վրեն էլ մի նեղ կամուրջ: Հիշեցի Էրգրի մեր գետին՝ Մեղրագետ Տավրոսու լեռներեն գիկեր... Էն էլ գարուն՝ պղտոր էր, իսկ ամառ՝ արցունքի պես մաքուր...
Քու իմացած հեքիաթի մեջ մոլոր ճամփեքի խաչվանքին սպիտակ մազերով ծերունի է նստած, համա մեր ճամփին հեչ մեկն էլ չկար... Մեր հեքիաթի հերոս Անդրանիկ սպիտակ մազերով խորհուրդ տվող ծերունու հեչ չհանդիպավ... Մեր բաժին Աստված լէ խռով էր մեզնից... Մեր Աստված Սպիտակ ձիավորն էր:
-Ա՛յ տատի, բա քո հեքիաթում թագավորական պալատ ու ապարանք է՞լ չկան...
-Հըյլե՜, թագավոր ունեի՞նք, որ պալատ էղներ: Մեր պալատ հազար տարի առաջ քանդին ու զթագավորներ սպանին: Մեր ապարանք արջերու բուն քարանձավն էր: Մարգարայի կամրջով գարնան կադղուգ ու պղտոր Արաքսն անցանք... Երկու տարի թափառանք, հասանք Ղարաբաղի բերան, համա ինգլիզու գեներալ խանգարեց Անդրանիկին Ղարաբաղ մտնի: Սպառնացել էր, որ եվրոպաներում մեր ազգի գործեր խարաբ կեղնի... Քոռուփոշման հասանք Զանգեզուր ու Նախիջևան... Հետո էգա՜նք, էգա՜նք, էգա՜նք ու մի հոլիկ գտանք Արագածի փեշին: Էդ էլ մեր ապարանքն էր...
-Տա՛տ, հեքիաթներում թագավորի որդին դևերին ու վիշապներին սպանելուց հետո գտնում է իր հարսնացուին, ամուսնանում են...
-Լաո՛, իմ հեքիաթում էդ էլ կա: Բայց մեր ուժ չպատեց դևերին ու վիշապներին սպանենք... Քու պապ Խոդեդան սուրբ Մարաթուկի փեշից հասել էր Աշնակ: Ինքն էլ եղավ իմ հեքիաթի թագավորի որդին ու մի օր իր Աստուր հոր հետ հարսնախոս եկավ մեր գեղ՝ Բուժական: Հաց կիսեցին, գինի խմեցին, առանց թագ ու պսակ ընձի նստեցրին ձիու վրեն: Ես ձիավոր, իրենք ոտավոր՝ քառասուն կիլոմետր ճամփա կտրինք, հասանք Աշնակ՝ իմ նոր ապարանք: Եղած-չեղած մե թոնրատուն էր, մեր ապարանքն էր: ՈՒ իմ Համիկով, Ազատով, Անիկով, Շողիկով, Գևորգով, Քնարով ու Սիրիկով էդ թոնրատուն դարձավ պալատ:
Տատս միշտ գերագույն երանությամբ էր թվարկում իր յոթ զավակների անունները և բոլորիս խրատում՝ «Առանց քուր ու ախպոր աշխարք շատ դառ կեղնի՝ օձի լեղի»...
Քսան տարի հետո քու պապ Խոդեդան գնաց Հայրենական պատերազմ, ու յոթ էրեխեն մնացին իմ հույսին: Գիշեր արի ցերեկ ու աշխատա, յոթին էլ մեծացրի ու պսակեցի, բայց չիմացա, թե քու պապ ու՞ր սպանվավ, ու՞մ համար... «Սև թուղթ» էլ չեկավ՝ իր գնալուց մե քանի ամիս հետո ծնված աղջկաս գոնե ցույց տայի, ասեի՝ էս է քու հերը... Չեղած տեղ «Սև թուղթ»-ն լէ հեր կեղնի, գոնե հետը կխոսեի... Լաո՛, քու հեքիաթում հրաշքներ շատ կեղնին: Ըբը ու՞ր է՝ մե հրաշք լէ իմ հեքիաթի մեջ էղներ, քու պապ հրաշքով տուն դառնար, տեսնեի ու նոր մեռնեի... Բայց դե՝ հրաշք կորե՝ գտնի սասունցու՞ն: Հե՜յ գիդի, սուրբ Մարաթուկ, ինչ կեղնի, մե հրաշք լէ սասունցուն տուր... Անարդար Աստված, ինչի՞ց է՝ օտարներու հեքիաթներում էդքան հրաշք կա, ըբը ընչի մեր հեքիաթի մեջ գոնե մե փշուր հրաշք չկա: Անհրաշք ապրիլ չեղնի... Է՜, Վրեժ լաո՛, բոլ է զիմ սիրտ քրքրիս, իմ հեքիաթ քոնից տարբեր է, իմ հեքիաթի վիշապ դեռ չի սպանվե, մուրազով կաբրիմ... Էդ մուրազ լէ ձըզի օսյատ (պատգամ) կենիմ...
Տատիս հեքիաթը տասնամյակներ շարունակ հանգիստ չէր տալիս: Փոքրիկներիս համար ինչ հեքիաթ որ պատմում էի, աչքերիս առջև տատիս ցավոտ ու անավարտ հեքիաթն էր: Եվ հեքիաթների վերջում, երբ երեք խնձորները ընկնում էին, ես հրճվելու փոխարեն հոգուս խորքում լաց էի լինում տատիս անավարտ ու անարդար հեքիաթի համար:
...Տասնամյակներ անց, մի շատ սովորական օր, երբ Արեգակն օրհնում էր բացվող մանուկ օրվան, հեռախոսի մոտ կանչեցին՝ «Շտապ արի՛, տատդ մահացել է...»:
Դագաղի մեջ էլ մշեցի տատս պահպանել էր իր շքեղ գեղեցկությունը, միայն հոնքերը մռայլ էին... Նրա հայացքում կարդացի իր ցավոտ հեքիաթի վերջին տողերը՝ «Անարդա՛ր Աստված, ինչի՞ց է՝ օտարներու հեքիաթներում էդքան հրաշք կա, ըբը ընչի մեր հեքիաթի մեջ գոնե մե փշուր հրաշք չկա: Անհրաշք ապրիլ չեղնի...»:
Վրեժ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ