ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն ժամանել է Փհենյան Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացման գործընթացի առանձնահատկությունները ճշգրտելու շուրջ բանակցությունների նպատակով: Օրակարգում նաև երկու երկրների հարաբերությունների բարելավման հարցն է: Սա Փոմփեոյի երրորդ այցն է Փհենյան` ապրիլից ի վեր, և առաջինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հանդիպումից հետո, որը տեղի է ունեցել հունիսի 12-ին: «Մեր առաջնորդները Սինգապուրի գագաթնաժողովում պարտավորվել են ամբողջությամբ ապամիջուկայնացնել Հյուսիսային Կորեան և հստակեցրել, թե ինչ տեսք կունենան ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև փոփոխված հարաբերությունները»,- Փհենյան ժամանելուց առաջ հայտարարել է Փոմփեոն՝ հավելելով, որ գագաթնաժողովից հետո երկկողմ խորհրդակցությունները շարունակվել են: Փոմփեոն Հյուսիսային Կորեայում բանակցություններ կվարի հուլիսի 6-ին և 7-ին, այնուհետև կմեկնի Ճապոնիա: