Ամուլսարի հարցը ցավոտ հարց է Հայաստանի համար, խոսքը վերաբերում է բնապահպանությանը: ՀՀ նախագահը որևէ առնչություն չունի հանքը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերության հետ, և այդ հարցով զբաղվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայտնում է իր աջակցությունը` «Անվտանգություն և արտաքին քաղաքականություն. ՄԱՀՀԻ 3-րդ երիտասարդական ֆորումի» ժամանակ ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե հանքի շահագործման գործում որն է իր տեսակետը: «ՈՒզում եմ բոլորիդ ասել, որ ես էությամբ բնապահպան եմ: Երբ խոսում ենք մեր երկրի մասին և բնության մեջ առանձնացնում ենք տարրերը, ամենամեծ արժեքը ջուրն է: Ժամանակին, երբ մեծ արդյունաբերություն կար, գործարանի կեղտաջրերը լցվում էին ջրի մեջ: Հիմա մենք էլ այլ կերպ ջուրը վատ ենք կառավարում: Նախ` վատնում ենք ջուրը: Օրինակ՝ Արարատյան դաշտում, եթե չափից ավելի ջուր հանենք, հավասարակշռությունը խախտվում է, և տեսնում ենք, թե ինչ է կատարվում: Էջմիածնում մի քանի շենքեր եմ կառուցել բարեգործական ծրագրով, և հիմա այդ շենքերը ճաքեր ունեն»,- ասաց Արմեն Սարգսյանը:
Խոսելով Ամուլսարի մասին՝ նախագահն ասաց, որ եթե տեխնոլոգիան լավը չէ, վնաս է հասցնում ջրին, հետևաբար մեծ խնդիր կունենան:
«Բայց խնդիրը միայն Ամուլսարը չէ, Ամուլսարը, կարծեմ, սիմվոլն է, մենք ունենք ընդհանրապես բնապահպանական խնդիրներ: Կարծում եմ, որ վարչապետը շատ ճիշտ է, որ բոլոր հարցերը պետք է ուշադիր քննարկվեն, և խնդիրներին լուծումներ տրվեն, որովհետև մենք չենք կարող թույլ տալ, որ լեռնարդյունաբերության պատճառով վնասվի մեր ամենակարևոր բնական ռեսուրսը՝ ջուրը»,- ասաց Արմեն Սարգսյանը:
Անդրադառնալով մամուլի հրապարակումներին, որոնք վերաբերում էին Ամուլսարի հետ իր առնչությանը՝ Արմեն Սարգսյանն ասաց, որ 5-6 տարի առաջ իրեն առաջարկել են, որ դառնա «Լիդիան» ընկերության տնօրենների խորհրդի անկախ անդամ: «Անկախ նշանակում է, որ ես կամ իմ ընտանիքի անդամներից որևէ մեկն անգամ 1 դոլար շահ հետապնդելու իրավունք չունի: Հայաստանում գրեցին, որ ես տնօրենն եմ, դրանցից ոչ մեկը չեմ եղել և չեմ»,- ասաց նա: Կազմակերպության անդամներն են Եվրոպական բանկն ու Համաշխարհային բանկը: ՙԻմ այնտեղ լինելու նպատակներից մեկը շատ պարզ էր, այդ օրերին՝ 5-6 տարի առաջ, նույն Ամուլսարի և Կառավարության միջև լիցենզիա ստանալու և չստանալու խնդիր կար: Ես եղել եմ խորհրդի անդամ, նիստերին չեմ մասնակցել, փաստաթղթերին ծանոթացել եմ ու 3 ամիս հետո դուրս եմ եկել: Վերջակետ, էթիկայից ելնելով չեմ կարող ասել, թե ինչ կարծիք եմ գրել, նորից վերջակետ»,- ասաց ՀՀ նախագահը:
Արմեն Սարգսյանն ընդգծեց, որ իր վերաբերմունքն արդյունաբերողների վերաբերյալ հետևյալն է՝ այն արտադրությունները, որոնք անվնաս են, անպայման տեղի ունենան, մնացածները՝ ոչ, բայց դատավորն ինքը չէ: