Երեկ Բեռլինում Բունդեսթագի շենքում աշխատանքները սկսեց ԵԱՀԿ ԽՎ
ամառային նստաշրջանը: Նստաշրջանի ընդհանուր թեման է՝ ԵԱՀԿ շրջանակներում
պարտավորությունների կատարում. Խորհրդարանների դերը: Այս ընդհանուր հարցերի շուրջ տեղի են ունենալու քննարկումններ և բանավեճեր ԽՎ 3 կոմիտեների նիստերում: Երեք կոմիտեներում պատրաստվում են զեկույցներ և բանաձևեր` քաղաքական և անվտանգային, տնտեսական հարցերի, գիտության, տեխնոլոգիաների և շրջակա միջավայրի հարցերի, ժողովրդավարության, մարդու իրավունքների և հումանիտար հարցերի տեսանկյունից:
ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը նշեց.
«Ամառային նստաշրջանը համարվում է ԵԱՀԿ-ում ամփոփիչ` ընդունվում են փաստաթղթեր ու բանաձևեր, քննարկվում են լրացուցիչ հարցեր, ընդունվում են լրացուցիչ հարցերի վերաբերյալ բանաձևեր, կատարվում են ԽՎ ղեկավար մարմինների ընտրություններ: Ոչ միայն այդ հանգամանքից ելնելով, այլև նրանից, որ մենք բավականին լուրջ խնդիրներ ունենք Վեհաժողովում տարիների ընթացքում կուտակված, առավել կարևոր ենք համարում մեր երկրի բարեկամների թվի ավելացմանը ուղղված աշխատանքները, իրողությունների և իրադարձությունների մասին, մեր երկրի կողմից կատարվող քայլերի և գործողությունների նկատմամբ առավել ըմբռնելի ընկալումներ ապահովելուն ուղղված աշխատանքը, ուստի մեր պատվիրակությունը կարևոր և պատասխանատու աշխատանք ունի կատարելու այս նստաշրջանի ժամանակ: Հիշեցնեմ, որ պատվիրակությունը ձևավորվել է 2017-ի ընտրություններից հետո և ամբողջապես նորացվել է, վերջին իրադարձություններից հետո ևս 1/3-ով փոփոխվեց պատվիրակության կազմը: Պատվիրակության հիմնական կազմի մեջ մեկական ներկայացուցիչներ են ՀՀԿ-ից, ԲՀԿ-ից և «Ելք» դաշինքից, փոխարինողների մեջ 2-ը ՀՀԿ-ից
և մեկ ներկայացուցիչ ՀՅԴ-ից: Ի տարբերություն անցյալի` այս գումարման խորհրդարանում արդեն պատվիրակությունը ձգտում է մասնակցել բոլոր նստաշրջաններին ամբողջ կազմով, կա նաև ԱԺ ղեկավարության համապատասխան վերաբերմունքը և ընկալումը: Կարևորվում են պատվիրակության յուրաքանչյուր անդամի ոչ միայն ելույթները և քվեարկությունը, այլև անհատական աշխատանքը, կապերը և հարաբերությունները: ԵԱՀԿ անդամ 57 երկրների պատվիրակությունների անդամների հետ մեր պատվիակությունը սկսել է ծրագրված
աշխատանքներ կատարել անցնող տարվա երեք նստաշրջանների ընթացքում՝ Մինսկում, Անդորրայում ու Վիեննայում պատվիրակությունը բավականին ակտիվ է եղել, որը նույնը շարունակվելու է նաև Բեռլինում: Նստաշրջանը սկսեց Մշտական կոմիտեի նիստով՝ հաստատվեցին օրակարգերը, լրացուցիչ զեկույցների թեմաները՝ որ այս նստաշրջանում 16-ն են լինելու, նախագահ Գեորգի Ծերեթելիի, գլխավոր քարտուղար Ռ. Մոնթելայի, գանձապահ Դ. Բարնեթի զեկույցները, հաստատվեց 2018-2019-ի բյուջեն:
Քննարկվեցին ընթացիկ միջազգային հարցեր: Մշտական կոմիտեն քննարկեց վերջին շրջանում տեղի ունեցած ընտրությունների դիտորդական առաքելության զեկույցները: Այս քննարկումը աչքի ընկավ դաժանագույն քննադատությամբ Ադրբեջանի ընտրությունների վերաբերյալ՝ հնչեցին ելույթներ առաքելության մասնակիցների կողմից և ընդգծվեցին համատարած խախտումները, լրատվության միջոցների բացարձակ անազատությունը, ճնշումները ընտրողների և թեկնածուների նկատմամբ: Առաքելության ընդհանուր եզրակացությունը` հիասթափությունը ակնկալածից շատ ավելին էր: Անդրադարձ եղավ ՌԴ նախագահի ընտրություններին, հատկապես ընդգծվեց Ղրիմի ընտրությունների մասը:
Թուրքիայի նախագահի ընտրությունների առաքելության զեկույցը կքննարկվի հաջորդ նիստին` իրենց խնդրանքով: Մշտական կոմիտեն քննարկեց նաև հատուկ կոմիտեների և հատուկ ներկայացուցիչների զեկույցները՝ միգրացիայի գծով հատուկ կոմիտե, Արևելյան Եվրոպայի հարցերով, թրաֆիքինգի գծով և այլն»:
ԵԱՀԿ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը իր ելույթում համառոտ ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած վերջին ժողովրդավարական զարգացումները: Նշվել է, որ զանգվածային ցույցերից հետո վարչապետը հրաժարականի որոշում կայացրեց և Ազգային ժողովը մայիսի 8-ին ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին ընտրեց վարչապետ, նման զարգացումը ժողովրդական շարժման հետևանք էր, որի ընթացքում ՀՀ կառավարությունը և իրավապահ մարմինները ձեռնարկեցին բոլոր միջոցառումները ապահովելու՝ քաղաքացիների կողմից իրենց քաղաքական և քաղաքացիական իրավունքների և հիմնարար ազատությունների լիակատար իրագործումը և օրենքի ու հասարակական կարգի պաշտպանությունը: Դրա վառ ապացույցը խաղաղ և սահմանադրական ճանապարհով իրավիճակի կարգավորումն էր:
Իրադարձությունները վկայեցին, որ վերջին 10 տարում իրականացված քաղաքականությունը և կառավարման բարեփոխումները միտված՝ ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության ամրապնդմանը ու լրատվամիջոցների ազատությունը, քաղաքական բազմակարծությանը խթանելուն հաջողություններ են արձանագրել: ԱԺ պատվիրակության ղեկավարը բարձր է գնահատել միջազգային գործընկերների, ԵԱՀԿ ԽՎ-ի և նախագահ Գեորգի Ծերեթելիի անաչառ և հավասարակշռված վերաբերմունքը` նշելով, որ Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները հստակ դրսևորում են մեր պետությունում ժողովրդավարական զարգացման դրական դինամիկան և ևս մեկ անգամ ընդգծել է, որ քաղաքական զարգացումներում աշխարհաքաղաքական համատեքստ չկար, ներքաղաքական փոփոխություն էր, որը Հայաստանին առաջնորդեց դեպի քաղաքացիական հաստատությունների, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ամրապնդում:
«Ես կցանկանայի հատկապես շեշտել, որ մեր հասարակության մեջ կա կոնսենսուս միջազգային քաղաքականության առաջնահերթությունների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ հանգուցալուծման վերաբերյալ: Հայ ժողովուրդը միավորված է իր ազգային հավակնություններին լուծում տալու հարցում: Ցավոք, Հարավային Կովկասի անվտանգությանը բնորոշ է շարունակական վատթարացումը, ռազմական ուժերի կուտակումները, լայնամասշտաբ զորավարժությունները և ռազմական սադրանքները, որոնք իրականացվում են մասնակից պետություններից մեկի կողմից: Այս բացասական միտումները տեղի են ունենում սպառազինությունների վերահսկողության թուլացման և տարածաշրջանում ԵԱՀԿ ներկայության նվազման համատեքստում: Երևանում և Բաքվում ԵԱՀԿ գրասենյակների փակումը ցույց է տալիս, թե ինչպես մասնակից պետություններից մեկը մի կողմից՝ կարող է հրաժարվել իր պարտավորությունների իրագործման ընթացքում ԵԱՀԿ գործիքակազմի կիրառումից, մյուս կողմից՝ խոչընդոտել մյուս մասնակից պետության համագործակցությանը ԵԱՀԿ-ի հետ: Ես կցանկանայի ընդգծել, որ միջազգային համագործակցությունից Հայաստանին մեկուսացնելու փորձերը դատապարտված են ձախողման: Մենք պատրաստ ենք շարունակել համագործակցությունը ԵԱՀԿ-ի հետ այլ ձևաչափերով և կոչ ենք անում մեր գործընկերներին խրախուսել իրենց իշխանություններին նպաստել այդ համագործակցությանը»` ասել է ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը: