ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցները կգործեն մինչև Կորեական թերակղզու ամբողջական ապամիջուկայնացումը: Նրա խոսքով՝ Հյուսիսային Կորեա այցի ժամանակը ինքն ամենայն մանրամասնությամբ քննարկել է ապամիջուկայնացման հասկացության նշանակությունը: ԱՄՆ պետքարտուղարն ասել է, որ Հյուսիսային Կորեայի իշխանությունները վերահաստատել են իրենց հանձնառությունը թերակղզու ապամիջուկայնացման գործընթացն ավարտին հասցնելուն: Փհենյանը պատրաստվում է ոչնչացնել հրթիռային շարժիչների փորձարկման օբյեկտը:
Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ն Փոմփեոյի հետ հանդիպման առնչությամբ հայտնել է, որ ծայրահեղ դժգոհ է դրա արդյունքներից: Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ն կարծում է, որ հուլիսի 6-7-ն անցկացված բանակցություններում ամերիկյան կողմը «ապամիջուկայնացման բացառապես միակողմանի և կողոպտիչ պահանջներ» է ներկայացրել, ինչը հակասում է Սինգապուրի գագաթնաժողովում ձեռք բերված համաձայնություններին: «Ամերիկյան կողմը միայն միակողմանի և կողոպտիչ պահանջներ է ներկայացրել ապամիջուկայնացման համար՝ խոսելով ամբողջական, վերահսկվող և անդառնալի ապամիջուկայնացման մասին»,- ասվում է հյուսիսկորեական ԱԳՆ հայտարարության մեջ: