ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ԵԱՀԿ ԽՎ ամառային նստաշրջանին Բեռլինում: Պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը Բեռլինից նստաշրջանի երկրորդ օրվա աշխատանքների մասին փոխանցեց.
-ԵԱՀԿ ԽՎ ամառային նստաշրջանի աշխատանքների 2-րդ օրը տեղի ունեցավ առաջին լիագումար նիստը` Գերմանիայի Բունդեսթագի լիագումար նիստերի դահլիճում, որ, բնականաբար, բավականին ազդեցություն էր գործում աշխատանքային մթնոլորտի վրա: Լիագումար նիստի բացմանը ողջույնի խոսք ասաց Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեն: Գերմանիայի և Եվրոպայի առաջատար քաղաքական գործիչներից մեկը լինելով` Վոլֆգանգ Շոյբլեն անդրադարձավ վերջին տասնամյակների միջազգային կյանքի գլխավոր իրադարձություններին` նշելով, որ երբ դադարեցին հակամարտությունները բլոկների միջև, մարդկության համար հույսի ժամանակներ բացվեցին: Նա կարևորեց ԵԱՀԿ այս նստաշրջանի թեման՝ խորհրդարանների դերը, ընդգծելով խորհրդարանի և խորհրդարաննականների դերը յուրաքանչյուր երկրում՝ հատկապես կառավարության աշխատանքներին քննադատաբար վերաբերվելու իմաստով: ԵԱՀԿ ստեղծման և գործունեության հիմնական նպատակները և մեթոդները վերլուծելիս, Շոյբլեն հատկապես նշեց վստահության միջոցների կարևորութունը` վստահությունը սկսվում է մարդկանց միջև, երբ նրանք սկսում են լսել իրար: Եվս մեկ նպատակ ԵԱՀԿ-ի համար՝ համոզել մարդկանց, թե ինչու՞ է պետք համագործակցել:
Լիագումար նիստի ժամանակ ելույթով հանդես եկավ ԵԱՀԿ գործող նախագահ` Վրաստանի ներկայացուցիչ Գեորգի Ծերեթելին: Նա անդրադարձավ տարածաշրջանի իրավիճակին, ձգձգվող հակամարտություններին, տարիներ շարունակ ԵԱՀԿ տարածաշրջանում տարածվող միջազգային նորմերի, Հելսինկյան սկզբունքների բազմաթիվ խախտումներին,՝ երբ խախտվում են մարդու իրավունքները և հիմնական ազատությունները, տարածքային ամբողջականությունը վաղուց արդեն բազմաթիվ դեպքերով դադարել է համաշխարհային ճարտարապետության գլխավոր պայման լինել, վեճերը լուծվում են ոչ խաղաղ կամ բանակցային ճանապարհով: Նա ընդգծեց, որ ԵԱՀԿ-ն այն հարթակը պիտի լինի, որտեղ մենք պետք է իրար հետ խոսենք խնդիրների մասին, իրարից պատասխան պահանջենք և դատապարտենք էքստրեմիզմը, բռնությունը և ահաբեկչությունը:
Գերմանիայի կառավարության կողմից ողջույնի խոսք ասաց փոխկանցլեր, ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցը: ԵԱՀԿ իտալական նախագահության անունից հանդես եկավ Իտալիայի ԱԳ փոխնախարար Գիլերմո Պիկին: Իր ելույթում անդրադառնալով կոնֆլիկտներին` նա նշեց նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, օգտագործելով Մինսկի խմբի համանախագահների բառապաշարը՝ ԼՂ հակամարտություն, նշելով որ իտալական նախագահությունը ողջունում է հակամարտության կարգավորումը ՄԽ համանախագահների հետ համագործակցության ճանապարով, հատկապես ընդգծելով, որ դրա ճանապարհը ուղիղ շփումներն են հակամարտության կողմերի միջև: Այս բառապաշարը այնքան էլ դուր չեկավ ադրբեջանական պատվիրակության անդամներին: Նրանք հարց հնչեցրին` հիշեցնելով Մինսկի կոնֆերանսը իր 11 անդամներով, ընդգծելով, որ ՄԽ 25 տարում աշխատանքներում հաջողություն չի արձանագրել և պետք է հրավիրել կոնֆերանս` քննարկելու, թե ինչու 25 տարվա ընթացքում ՄԽ-ն հաջողություններ չի արձանագրել: Գիլերմո Պիկեն ևս մեկ անգամ ընդգծեց, որ հայերը և ադրբեջանցիները պիտի խոսեն, բանակցեն իրար հետ, հարցի մնացած մասը կքննարկվի: Ադրբեջանցու ակնկալած «հայ-ադրբեջանական հակամարտություն» բառակապակցությունը իտալացին չարտաբերեց:
Լիագումար նիստի 2-րդ մասում քննարկվեց և ընդունվեց լրացուցիչ հարցերից մեկը՝ բելգիացի պատվիրակ Նախիմա Լանժրիի հեղինակած բանաձևը անչափահաս միգրանտների վերաբերյալ:
Աշխատանքային օրվա 2-րդ մասում տեղի ունեցան կոմիտեների նիստերը, որտեղ քննարկվում էին հիմնական զեկույցները:
Քաղաքական և անվտանգության հարցերի կոմիտեում զեկուցող Քրիստիան Վիգենինը, որ եղել է նաև Հարավային Կովկասի հարցերի գծով ԵԱՀԿ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ներկայացրել էր բազմակողմանի և բալանսավորված զեկույց, որտեղ արտացոլել էր ԵԱՀԿ տարածքի հիմնական անվտանգային խնդիրները և հակամարտությունները:
Առանձնապես պետք է նշեմ անդրադարձը ԵԱՀԿ պարտավորություններին ռազմաքաղաքական ոլորտում և այդ իմաստով վստահության ու անվտանգության ամրապնդմանը, ձգձգված հակամարտություններին, կիբեռանվտանգությանը, ահաբեկչության դեմ պայքարին և այլն: Հատկապես կարևոր էր ձգձգվող հակամարտությունների մասում, ի շարս այլ կոնֆլիկտների, անդրադարձը ԼՂ հակամարտությանը, ընդգծելով վերջին տարիներին զինադադարի բազմաթիվ խախտումները: Զեկույցը շեշտում է, որ հետագա ռազմական հակադրությունից խուսափելու և լարվածությունը նվազեցնելու համար անհրաժեշտ է, որ «բոլոր կողմերը վերադառնան բանակցային սեղանի շուրջ»: Կոմիտեի նիստի ընթացքում ադրբեջանական պատվիրակները ակտիվ նեղսրտեցին այդ թեմայից, իսկ մենք՝ ես և Կարեն Բեքարյանը, փորձեցինք զարգացնել զեկույցում հնչած թեմաները: Ես իմ ելույթում շնորհակալության հայտնեցի Քրիստիան Վիգենին արժեքավոր ու համապարփակ զեկույցի, հսկայածավալ աշխատանքի համար և նշեցի, որ մենք կիսում ենք զեկուցողի մտահոգությունը, որ 1994-ին Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև կնքված հրադադարի ռեժիմը բազմիցս խախտվել է: Այս առնչությամբ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը շարունակում են աջակցել Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի գագաթնաժողովներում ձեռք բերված համաձայնությունների իրականացմանը` ԵԱՀԿ նախագահողի անձնական ներկայացուցչի լիազորությունները պետք է ընդլայնվեն և պետք է հետաքննչական մեխանիզմներ ներդրվեն հրադադարի խախտումները ուսումնասիրելու համար: Այս համաձայնությունների գործնական իրագործման միակ խոչընդոտը Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշումն է, որը հրաժարվում է կատարել պարտավորությունները: Լեռնային Ղարաբաղի հակամարտության դեպքում միջազգային հանրությունը ճանաչել է ժողովուրդների հավասար իրավունքների և ինքնորոշման սկզբունքը` որպես հակամարտության լուծման սկզբունքներից մեկը, ուստի Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պետք է լիովին ներգրավվեն բանակցային գործընթացում: Կարևոր է, որ ռազմաքաղաքական ոլորտում ԵԱՀԿ հանձնառությունները մանրամասն հասցեագրվել են զեկույցում, բայց մտահոգիչ է, որ որոշ պետություններ չեն պահպանում սպառազինությունների վերահսկման ռեժիմի պարտավորությունները, ինչը մեծապես հարցականի տակ է դնում «Եվրոպայում սպառազինությունների մասին» դաշնագրի, Վիեննայի փաստաթղթի և ԵԱՀԿ վստահության և անվտանգության խթանման միջոցների ամբողջ տրամաբանությունը: Մասնավորապես` Ադրբեջանը չի ծանուցել մեծածավալ զորավարժությունների մասին մեր սահմանի հարակից տարածքներում, որ անվտանգության լրջագույն խնդիր է: Երեկ Ադրբեջանը ավարտեց նման մեկ այլ վարժանք, որին մասնակցել են 20 000 զինվորականներ և մինչև 350 միավոր ծանր սպառազինություն: Ադրբեջանի ծանր սպառազինության ավելացումը և Հայաստանի տարածքների նկատմամբ կոչերը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական դիրքորոշման արտահայտություններ են: Ադրբեջանի կողմից իր պարտավորությունների խախտումը ԼՂ հակամարտության համատեքստում անընդունելի է և պետք է դատապարտվի մասնակից պետությունների կողմից:
Վերջին իրադարձություններից մեկն այն է, որ Ադրբեջանը փորձեց լարվածությունը մեծացնել Նախիջևանում իր դիրքերի ամրապնդման միջոցով և կազմակերպել ռազմական սադրանք պետական սահմանի այս հատվածում:
Մենք կցանկանայինք տեսնել ԼՂ հակամարտության գոտում միակ միջազգային ներկայության` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի հղումը, ԼՂ- Ադրբեջան, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի լարվածությունների թուլացման հարցում գրասենյակի առանցքային դերակատարումը, մասնավորապես՝ մոնիտորինգի միջոցառումների իրականացման միջոցով:
Կարեն Բեքարյանը իր ելույթում մեր «բարեկամների» համար շատ անսպասելի, բայց եվրոպացիների համար համոզիչ օրինակներով մեկնաբանեց և ներկայացրեց «Ֆեյք-նյուզի» մակարդակի ելույթները ադրբեջանական պատվիրակների կողմից, որոնց նպատակն է մոլորեցնել, թյուրիմացության մեջ գցել համաժողովի հարգարժան մասնակիցներին: Ելույթի մեջ շեշտադրում արվեց Ադրբեջանի հակաժողովրդավարական բնույթին, իշխանությունը ժառանգական կարգով հորից որդուն հանձնելու ոչ ժողովրդավարական կարգին, հրադադարի ռեժիմի անընդհատ խախտումներին, սպառազինմանը և այլն:
Միաժամանակ տեղի էր ունենում նաև տնտեսական հարցերի, գիտության, տեխնոլոգիաների և շրջակա միջավայրի կոմիտեի նիստը, որտեղ քննարկվում էր զեկուցող Սոֆիա Կադարավայի զեկույցը: Նա արտացոլել էր այնպիսի կարևոր ասպեկտներ, ինչպիսիք են պայքարը կոռուպցիայի դեմ, ռացիոնալ բնօգտագործումը, կանաչ էկոնոմիկան, հակամարտությունների
ազդեցությունը կլիմայի վրա, էկոլոգիական միգրացիան:
Կարևորելով անվտանգության տնտեսական և էկոլոգիական ասպեկտները`
մեր պատվիրակները ակտիվ մասնակցություն ունեցան այս կոմիտեի
աշխատանքներին: Ելույթներով հանդես եկան Արման Սաղաթելյանը և
Տիգրան ՈՒրիխանյանը: Նրանք անդրադարձան նաև կիբեռանվտանգության, թվային էկոնոմիկայի, կրթության, ինֆորմացիոն զարգացման հարցերին` ներկայացնելով նաև Հայաստանի փորձը: Օրհուս կենտրոնների ցանցը և ԵԱՀԿ հայկական գրասենյակի աշխատանքը այդ ուղղությամբ ևս ներկայացրին մեր պատվիրակները, ինչպես նաև
վստահության բարձրացման առաքելությունները, որ ժամանակին կատարվել են «տաք կետում», ինչպես անտառային հրդեհներին հակազդելու առաքելությունը, որ ժամանակին կատարվեց ԼՂ և Ադրբեջանի շփման գծում: Նման առաքելությունները ապահովում են ինֆորմացիա առաջին ձեռքից և հնարավորություն են տալիս վերջ դնել
անհիմն մեղադրանքներին ու էկոլոգիական վտանգները դարձնել
համագործակցության հնարավորություն:
Առանձնահատուկ անդրադարձ կատարվեց նաև հակամարտության տարածաշրջանում ապրող մարդկանց տնտեսական և սոցիալական իրավունքներին: Միջազգային իրավունքի, մասնավորապես մարդու իրավունքի հիմնարար Հռչակագիրը այդ իմաստով ասում է, որ մարդկանց անհատական և կոլեկտիվ իրավունքները չպետք է կախված լինեն նրանց բնակության վայրի կարգավիճակից:
Ժողովրդավարության, մարդու իրավունքների և հումանիտար հարցերի կոմիտեում այսօր քննարկվում էին լրացուցիչ հարցերը, վաղվա նիստում կքննարկվի կոմիտեի զեկուցող կիպրացի պատգամավոր Հաջիյանիի ներկայացրած հիմնական զեկույցը:
Պատվիրակության անդամները օրվա ընթացքում ունեցել և կազմակերպել են տարբեր ձևաչափերով հանդիպումներ ԵԱՀԿ պատվիրակությունների անդամների հետ: Վաղը նստաշրջանը կշարունակի իր աշխատանքը: