Մոսկվան Վաշինգտոնին է հանձնել ԱՄՆ-ի և ՌԴ-ի նախագահների՝ հուլիսի 16-ին Հելսինկիում կայանալիք գագաթնաժովին ընդունվելիք համատեղ հայտարարության տեքստի նախագիծը, հղում անելով ամերիկյան պետական կառույցներում իր աղբյուրին՝ գրել է «Կոմերսանտը»:
Երկուէջանոց փաստաթղթում գրված է, որ երկու երկրների ղեկավարները կարևորում են առաջին դեմքերի, դիվանագետների, զինվորականների և հատուկ ծառայությունների միջև երկխոսության, տնտեսական կապերի և հումանիտար ոլորտում շփումների կարևորությունը: Փաստաթղթի նախագծում ԱՄՆ և ՌԴ համագործակցությունը նշված է որպես տարածաշրջանային և համաշխարհային անվտանգության և կայունության գործոններից մեկը:
«Կոմերսանտի» աղբյուրը պնդում է, որ Վաշինգտոնը պատրաստ է որպես հայտարարության հիմք ընդունել ռուսների առաջարկած տեքստը, միայն թե ուզում է ավելացնել նաև ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի միջամտության փորձի մասին Սպիտակ տան մտահոգության մասին կետ:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, այսօր պատասխանելով լրագրողների հարցերին, տեղեկությունը չի հերքել՝ նկատելով. «Այս կոնտեքստում կարող եմ ասել միայն այն, որ ընթանում են նախապատրաստական աշխատանքներ»։
«Ռոյթերզը» գրել է, որ Հելսինկիում ԱՄՆ և ՌԴ նախագահները քննարկելու են վեց հիմնական թեմաներ, այդ թվում՝ սպառազինության մրցավազքը, Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, ուկրաինական և սիրիական ճգնաժամերը։ «Ռոյթերզի» մեկնաբանները գրում են, որ Ղրիմի կարգավիճակի հարցը հանդիպմանը դժվար թե քննարկվի, քանի որ Մոսկվայի դիրքորոշումն այս հարցում հստակ և կոշտ է, իսկ Դոնբասի հետ կապված առաջխաղացումներ կարող են արձանագրվել։
«Բլումբերգը» պնդում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկելու են Սիրիայից իրանական զորքերին հանելու հարցը և Մոսկվան արդեն բանակցում է այս հարցով Թեհրանի հետ: Կրեմլը տեղեկությունը հերքում է:
Քննարկվելիք հարցերի շարքում է նաև դիվանագետների հարցը, հնարավոր է, որ Թրամփն ու Պուտինը պայմանավորվեն վերականգնել դիվանագետների նախկին քանակը, երբ հայտնի դիվանագիտական սկանդալների հետևանքով ԱՄՆ-ից արտաքսվեցին ռուսաստանցի դիվանագետները, իսկ Մոսկվան պատասխան քայլի դիմեց՝ արտաքսելով ամերիկացի դիվանագետներին։ Քննարկվելիք թեմաներից մեկն էլ, ըստ «Ռոյթերզի», Արևելյան Եվրոպայի հարցն է։ ՆԱՏՕ-ում մտավախություն կա, որ Պուտինին հաճոյանալու համար Թրամփը կարող է հրաժարվել նոր զորավարժություններից Արևելյան Եվրոպայում։