Չկան և չեն կարող լինել վարչապետ Փաշինյանի օրոք հակաժողովրդավարական կարգեր, և չի կարող լինել քաղաքացիների կամարտահայտման այլ ձև, քան խաղաղ, անզեն, ոչ բռնի կամարտահայտումը` ասել է վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը՝ մեկնաբանելով «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ Ալեք Ենիգոմշյանի հայտարարությունը։ Նա ասել էր. «Այնքան ժամանակ, քանի դեռ խաղաղ պայքարի ճանապարհները փակված են, զինված պայքարն ընդունելի է»։ Նա նշել է, թե իրավիճակ է փոխվել, «բայց եթե իրավիճակը կրկնվի, և կրկնում եմ, խաղաղ ճանապարհով հնարավոր չլինի իրավունքների վերադարձը, ապա ոչ խաղաղ ճանապարհով գործողությունները կդառնան օրինաչափ»։
«Հայաստանի Հանրապետությունում ներկայումս հաստատված են ժողովրդավարական կարգեր, և բոլոր քաղաքացիները խաղաղ երթերի, ցույցերի միջոցով իրենց կամքը արտահայտելու, իշխանություններին իրենց կամքը հասցնելու և ընտրությունների միջոցով իշխանություն փոխելու հնարավորություն ունեն»,- նշել է Եղոյանն ու հավելել. «Չկան և չեն կարող լինել վարչապետ Փաշինյանի օրոք հակաժողովրդավարական կարգեր, և չի կարող լինել քաղաքացիների կամարտահայտման այլ ձև, քան խաղաղ, անզեն, ոչ բռնի կամարտահայտումը»։
Ըստ վարչապետի մամուլի քարտուղարի՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետության օրոք խաղաղ, ոչ բռնի կամարտահայտությամբ հնարավոր է Հայաստանում լուծել ժողովրդին հուզող հարցերը։ «Եվ միայն այդ ճանապարհով են բարձրացվելու և լուծվելու, որևիցե բռնի պայքարի մասին խոսք անգամ լինել չի կարող, դա բացառված է և կկասեցվի խստագույնս»,- ասել է նա։
Հարցին, թե հնարավոր է, որ իրավապահները զբաղվեն Ենիգոմշյանի հայտարարությամբ, որը զենքի սպառնալիք է պարունակում, Արման Եղոյանը պատասխանել է. «Դա արդեն թող որոշեն իրավապահ մարմինները»։