Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ Հայաստանի դիրքորոշումը համարժեք է լինելու իրավիճակին` լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ընդգծելով, որ Պնախարար Դավիթ Տոնոյանը «շատ ճիշտ է արել»՝ Ադրբեջանի հասցեին օրերս հնչեցնելով կոշտ հայտարարություն: Վարչապետն ու կառավարության անդամները այսօր պաշտպանության նախարարությունում էին, ուր հայաստանյան ռազմաուսումնական հաստատություններն ավարտած սպաներին շնորհվեցին ավարտական փաստաթղթեր և սպայական դաշույններ:
«Մենք կարծում ենք, որ խաղաղ բանակցային ճանապարհով հարցի կարգավորումը կարևոր է, մենք համարում ենք, որ դա հնարավոր է, բայց մենք ասում ենք նաև, որ դրա համար անհրաժեշտ է համապատասխան մթնոլորտ: Ցավոք սրտի, Ադրբեջանը իր գործողություններով և իր հռետորաբանությամբ հնարավորություն չի տալիս, խաթարում է խաղաղության մթնոլորտը և հնարավորությունը, և մենք համարժեք ենք լինելու իրավիճակին»` հայտարարեց վարչապետը: «Եթե Ադրբեջանը կվերանայի իր մոտեցումը և կնպաստի խաղաղության մթնոլորտի հաստատմանը, մենք այդ իրավիճակին կլինենք համարժեք: Եթե այլ ուղղությամբ կգնա, մենք այդ իրավիճակին նույնպես կլինենք համարժեք»:
Լրագրողներից մեկի հարցին՝ համարժեք ասելով նկատի ունի, որ հայաստանյան զինված ուժերի տրամադրվածությունը արդեն հարձակողակա՞ն տրամաբանության մեջ պետք է դիտարկել, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Ես ասում եմ, որ մեր գործողությունները պետք է լինեն համարժեք՝ օպերատիվ իրավիճակից բխող և մեր երկրի ազգային անվտանգության շահերից և անհրաժեշտություններից բխող»: