Science ամերիկյան գիտական հանդեսը հաղորդել է, որ գիտնականները Մարսի վրա հեղուկ ջուր են հայտնաբերել, որ առնվազն տեսականորեն վկայում է կյանքի հնարավորության մասին: Ջուրը գտնվում է Մարսի սառցապատ բևեռի տակ՝ մոտավորապես 20 կիլոմետր խորության վրա: Ջուրը հայտնաբերվել է Մարսի ուղեծրին գտնվող Եվրոպական տիեզերական գործակալության Mars Express արբանյակի վրա տեղադրված ռադարային սարքավորումների շնորհիվ:
Կյանքի գոյության հնարավորության մասին հնարավոր կլինի խոսել միայն տարիների հետազոտությունների արդյունքում: Ենթադրվում է, որ մոլորակի վրա մոտ 3 միլիարդ 600 միլիոն տարի առաջ մեծ քանակությամբ ջուր է եղել: «Սա մոլորակի մի շրջան է, որտեղ կա կյանքի համար քիչ թե շատ պիտանի միջավայր»,- ասել է Եվրոպական տիեզերական գործակալության նշված ծրագրի ղեկավար, Իտալիայի աստրոֆիզիկայի պետական ինստիտուտի գիտաշխատող Ռոբերտո Օրոսեյը: Կան երկրային օրգանիզմներ, որոնք ի զորու են ապրել նմանօրինակ պայմաններում` «Կան միկրոօրգանիզմներ, որ կարող են ապրել նույնիսկ սառույցում»,- ասել է իտալացի գիտնականը: Reuters-ը նշում է, որ մասնագետները թերահավատ են Մարսի վրա կյանքի հնարավորությանը: Նրանց կարծիքով, Մարսի վրա հայտնաբերված ջուրը չափազանց սառն է և պարունակում է լուծված աղեր ու միներալներ, որոնք անբարենպաստ է կյանքի գոյության համար: