Միջազգային ահաբեկչության հիմնական աջակցությունն այսօր իրականացվում է արևմտյան աշխարհից, որ փորձում է վերահսկողություն ստանալ ոչ մեծ երկրների նկատմամբ` հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը՝ Սիրիայի տարածքում մարտական խնդիրների կատարման ժամանակ զոհված ռուս զինծառայողների ընտանիքների հետ հանդիպմանը:
«Միջազգային ահաբեկչության հիմնական աջակցությունն այսօր գալիս է արևմտյան աշխարհից: Նրանք փորձում են ոչ մեծ երկրներին տիրել ահաբեկչության միջոցով»,- մամուլի համար փակ հանդիպումից Ասադի խոսքից մեջբերում է արել պատգամավոր, Պետդումայի՝ Սիրիայի խորհրդարանի հետ կապերի խմբի համակարգող Դմիտրի Սաբլինը: «Նույնն է տեղի ունենում Ռուսաստանի շուրջը գտնվող ոչ մեծ երկրների հետ»,- մեջբերել է խորհրդարանականը Սիրիայի ղեկավարի խոսքից: «Ձեր հայրերը, որդիները, ամուսինները ոչ միայն հերոսական արարք են կատարել, այլև ավանդ են ներդրել նոր արդարացի աշխարհակարգի հաստատման գործում»,- ավելացրել է ՍԱՀ-ի ղեկավարը: Ասադի կարծիքով՝ Ռուսաստանն «ունի բարձր բարոյական սկզբունքներ, և այդ ամենը դուր չի գալիս նրա թշնամիներին, որոնց համար խորթ է բարոյականությունը»:
«Ընկած հերոսները երկիրը դարձնում են ուժեղ: Զոհված սիրիացի զինվորները Սիրիան ուժեղ են դարձրել»,- շարունակել է նա: Նախագահը նաև ուշադրություն է հրավիրել, որ «պետությունները կործանվում են, երբ երկրի զավակները փախչում են նրանից և չեն պաշտպանում»: