ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ՀՅԴ․ Քոչարյանին սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք ներկայացնելը կարող է մեկնաբանվել որպես քաղաքական հալածանք

ՀՅԴ․ Քոչարյանին սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք ներկայացնելը կարող է մեկնաբանվել որպես քաղաքական հալածանք
27.07.2018 | 17:54

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նախկին իշխանությունների այլ ներկայացուցիչների՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք ներկայացնելը «խիստ մտահոգիչ է և կարող է մեկնաբանվել որպես քաղաքական հալածանք», այսօր հայտարարել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը:


«Երկրում ընթացող վերջին իրադարձությունների կապակցությամբ հայտնում ենք, որ օրինականության հաստատման, օրենքի առջև բոլորի հավասարության, անպատժելիության մթնոլորտի վերացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը ողջունելի են։ Խիստ կարևոր է, որ բոլոր գործընթացները տեղի ունենան իրավական հարթության վրա՝ օրենքի տառին ու ոգուն համապատասխան և որևէ հիմք չտան տարատեսակ մեկնաբանությունների և քաղաքական շահարկումների համար։ Երկրի առջև ծառացած ներքին ու արտաքին բազմաթիվ մարտահրավերները արդյունավետ հաղթահարելու կարևորագույն գրավականն ամուր պետությունն է, ազգային միասնականությունը և ներհասարակական համերաշխությունը։ Արցախի և Հայաստանի շուրջ առկա ռազմաքաղաքական լարվածությունը թելադրում են պետական բոլոր հաստատությունների և, առաջին հերթին, Հայոց բանակի հանդեպ հավատը խաթարող որևէ դրսևորման բացառում»,- ասված է հայտարարությունում:


Համոզմունք հայտնելով, որ իշխանությունները պետք է իրականացնեն ժողովրդին համախմբողի գործառույթ, և որևէ հարցի հետապնդման ձև չպետք է վտանգի այդ համախմբվածությունը, ՀՅԴ-ն հայտարարում է․«Այս համատեքստում ենք դիտարկում նաև 2008 թ. մարտի 1-ի և նորանկախ պետականության նախընթաց ժամանակահատվածի այլ ողբերգական իրադարձությունների առարկայական, անաչառ ու համակողմանի քննությունը։ Այս առումով մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և օրվա իշխանությունների այլ ներկայացուցիչների՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք ներկայացնելը խիստ մտահոգիչ է և կարող է մեկնաբանվել որպես քաղաքական հալածանք»։

Դիտվել է՝ 678

Մեկնաբանություններ